ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱՄՆ–ում այս գիշեր տևական հիվանդությունից հետո 50 տարեկանում կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն և գավաթակիր Աղասի Մանուկյանը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Աղասի Մանուկյանը ծնվել է 1967 թվականի մարտի 27-ին Լենինականում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1977 թվականից՝ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ։ 1987 թվականին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ 1988 թվականին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ և նրա կազմում դարձել Աշխարհի առաջնության գավաթակիր։
Հայաստանի անկախացումից հետո հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ 1993 թվականին Ստոքհոլմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակչում հաղթել է ռուս հայտնի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի երկակի չեմպիոն Ալեքսանդր Իգնատենկոյին։ Այդ հաջողության շնորհիվ նա պատմության մեջ մտավ որպես առաջին ըմբիշ և երկրորդ մարզիկը (բռնցքամարտիկ Նշան Մունչյանից հետո), ով, հանդես գալով անկախ Հայաստանի դրոշի ներքո, դարձավ աշխարհի չեմպիոն։
Հետագայում Աղասի Մանուկյանը երկու անգամ դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր, մասնակցել Ատլանտայի օլիմպիական խաղերին։ 1996 թվականին ավարտել է իր մարզական կարիերան և սկսել զբաղվել մարզչական գործունեությամբ։ 1998–1999 թվականներին եղել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։ 2001–2004 թվականներին աշխատել է Շիրակի մարզի Սպորտկոմիտեում։ 2006 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 2011 թվականից աշխատում էր Մարքեթի (Միչիգան նահանգի) Օլիմպիական կրթական կենտրոնում։