ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի տարածքում տեղակայված թիվ 8031 ընտրատեղամասում, ինչպես և պահանջվում էր ըստ օրենքի, 1-ին ընտրողների առաջ դուռը բացվեց 8:00-ին:
Ի դեպ, առաջինն իրենց ընտրական պարտքը կատարելու համար Գյումրի էին եկել ՌԴ քաղաքացիներ հարևան Վրաստանից: Ինչպես վերջիններս տեղեկացրին Sputnik Արմենիայի թղթակցին, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար իրենք Գյումրի էին եկել երեկ՝ մարտի 17-ի երեկոյան, և գիշերել էին երկաթուղային կայարանում: Այս պահի դրությամբ ընտրողների շրջանում բավական ակտիվություն է նկատվում:
Ի դեպ, հենց այս տեղամասում իր քաղաքցիական պարտքը կատարեց նաև Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, որը նաև ի պաշտոնե հանդիսանում է ԸԸՀ-ի նախագահ:
Այս անգամ, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, քվեատուփը թափանցիկ է, այդ պատճառով՝ գաղտնիության ապահովման նպատակով, հավատարմագրված լրագրողները նկարահանումներ կատարում են որոշակի հեռավորության վրա:
Նշենք, որ քվեատուփերը 2-ն են՝ մեկը՝ ընտրատեղամասում տեղակայված, իսկ մյուսը՝ շրջիկ, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցողների համար: Շրջիկ՝ ավելի փոքր քվեատուփն այսօր լիենլու է նաև Ալավերդիում, Վանաձորում և Գյումրիում:
«ՌԴ հաշմանդամությւոն ունեցող 6 քաղաքացի նախապես նշել էին իրենց՝ ընտրությանը մասնակցելու ցանկության մասին և հանձնաժողովի 2 անդամ ու մեկ դիտորդ այս պահին քվեատուփը տանում են նրանց ուղղությամբ», — Sputnik Արմենիայի թղթակցին ասաց հանձնաժողովի նախագահը՝ փաստելով, որ այս պահի դրությամբ ընտրություններն անցնում են նորմալ և բավականին ակտիվ:
Այս ընտրատեղամասում քվեարկելու են Լոռիի և Շիրակի բնակիչ ՌԴ քաղաքացիները: