ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի հայաստանյան մասնակից Սևակ Խանաղյանի «Քամի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ազդն այսօր ցուցադրվել է YouTube-ի պաշտոնական ալիքում։
26 վայրկյան տևողությամբ տեսանյութը կարճ ժամանակում ավելի քան 4 հազար հոգի են դիտել։
Տեսահոլովակի առաջնացուցադրությունը տեղի կունենա Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ մարտի 21-ին։
Ազգային «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչը կայացել է փետրվարի 25-ին` Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։ Միջազգային ժյուրիի անդամների և երկրպագուների քվեարկության արդյունքներով եզրափակչի հաղթող դարձավ Սևակ Խանաղյանը, որն էլ Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթում։
Նա Լիսաբոնում ելույթ կունենա մայիսի 8-ին` առաջին եզրափակչի ժամանակ։