ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը եղբոր հետ լուսանկար է հրապարակել Instagram-ում։
«Նոր գույներ, նոր տուն»,- լուսանկարը մակագրել է Մոնիկա Մխիթարյանը։
Նրա էջի բաժանորդներն առիթը բաց չեն թողել և «Միլանին» հաղթելու կապակցությամբ շնորհավորել են Մխիթարյանին։
«Շնորհակալություն հիանալի խաղի համար։ Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ»,- գրել է օգտատերերից մեկը։
Շատերն են նշել, որ խաղն իսկապես լավն էր։
Երկրպագուների մեծ մասը գրել են, որ քույրն ու եղբայրը շատ լավ տեսք ունեն։
«Էմիրեյթս» մարզադաշտում Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց իտալական «Միլանին»:
Արսեն Վենգերի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթեց «Միլանին»: Հանդիպման 35-րդ րոպեին հաշիվը բացեց «Միլանի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն:
Րոպեներ անց Դենի Ուելբեքն աչքի ընկավ խայտառակ սխալով: Հանդիպման մրցավար Յունաս Էրիկսոնը չնկատեց դա և պատժեց «Միլանին»` նշանակելով 11 մետրանոց: Անգլիացի հարձակվողն անվրեպ իրացրեց այն:
71-րդ րոպեին Աարոն Ռեմսիի փոխանցումից հետո գոլ խփեց Գրանիտ Ջական, իսկ 86-րդ րոպեին Ուելբեքը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը` դառնալով դուբլի հեղինակ:
«Արսենալի» կազմում հանդիպմանը մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 69-րդ րոպեին:
Նշենք, որ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին: