ԵՐԵՎԱՆ, 16 Մարտ — Sputnik. «Էմիրեյթս» մարզադաշտում Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» երեկ` մարտի 15–ին, հյուրընկալեց իտալական «Միլանին»:
Արսեն Վենգերի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթեց «Միլանին»: Հանդիպման 35-րդ րոպեին հաշիվը բացեց «Միլանի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն:
Րոպեներ անց Դենի Ուելբեքն աչքի ընկավ խայտառակ սխալով: Հանդիպման մրցավար Յունաս Էրիկսոնը չնկատեց դա և պատժեց «Միլանին»` նշանակելով 11 մետրանոց: Անգլիացի հարձակվողն անվրեպ իրացրեց այն:
71-րդ րոպեին Աարոն Ռեմսիի փոխանցումից հետո գոլ խփեց Գրանիտ Ջական, իսկ 86-րդ րոպեին Ուելբեքը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը` դառնալով դուբլի հեղինակ:
«Արսենալի» կազմում հանդիպմանը մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 69-րդ րոպեին:
Նշենք, որ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին: