ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցը հայտնաբերել է մարդկային օրգանների առք ու վաճառքով զբաղվողներին, հաղորդում է Sputnik Ադրբեջանը` ծառայության հղումով։
Իրավապահ մարմիններն ինֆորմացիա էին ստացել, որ միջազգային ընկերությունն անօրինական կերպով Ադրբեջանի քաղաքացիներին ստիպում է վաճառել իրենց օրգանները` դնելով նրանց անելանելի դրության մեջ։
Իրավապահ մարմինները դեպքի առթիվ քրեական գործ են հարուցել և հետաքննություն սկսել։ Հետաքննությամբ պարզվել է, որ մարդիկ, որոնց անունները դեռ չի հրապարակվում, հանցավոր համաձայնության են եկել այլ երկրի քաղաքացիների հետ և կազմակերպել են Ադրբեջանի քաղաքացիների օրգանների առք ու վաճառք։
Ձերբակալվել է և քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քաղաքացի Հուդադատով Վախիդ Փահրադին օղլուի նկատմամբ։ Բերման են ենթարկվել նաև Փահրադիի հետ կապ ունեցող մարդիկ։ Նրանց «զոհերը» հայտնաբերվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։