ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Զարմանալի չէ, որ Հենրիխ Մխիթարյանն անմիջապես ընտելացել է «Արսենալի» խաղին։ Ինչպես հայտնում է բրիտանական Metro պարբերականը, այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է լոնդոնյան ակումբի մարզիչ Արսեն Վենգերը։
Պարբերականը նրա ասածը «Մանչեսթերին» ուղղված նուրբ ակնարկ է որակել։
Հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին փոխանակեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, որը դեռ չի հարմարվել «կարմիր սատանաների» կազմում և տասը խաղի ընթացքում միայն մեկ գնդակ է ուղարկել դարպաս։
«Իսկ Մխիթարյանը լավ է իրեն դրսևորում, թեև մեկնարկն այդքան էլ հաջող չէր։ Գրոհող (իր ոճով) «Արսենալում» հայ կիսապաշտպանը բացվեց. հունվարի վերջից նա արդեն 6 գոլային փոխանցում է կատարել, իսկ վերջին երկու խաղերում մեկական գոլ խփել»,- նշում է պարբերականը։
Մարտի 16-ին պատասխան խաղ է կլինի «Միլանի» հետ Եվրոպայի լիգայի 1/8-ում (Մխիթարյանն առաջին խաղում «Արսենալի» կազմում իր առաջին գոլը խփեց)։ Խաղից առաջ Վենգերը լավ է տրամադրված։
«Նա բավականին արագ ընտելացավ խաղին և հարմարվեց թիմին, նրան լավ ընդունեցին։ Կարծում եմ` նրան սազում է մեր խաղաոճը։ Սակայն ես չեմ զարմանում, երբ խաղացողները լավ են հանդես գալիս։ Ես հենց դա էլ սպասում եմ նրանցից», — ասել է Վենգերը։