ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Իրանի հարավ-արևմուտքում նախօրեին կործանված թուրքական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է, հայտնում է IRNA-ն` հղում անելով Չեխարմեխալ և Բախտարիա նահանգի փոխնահանգապետ Ջաֆար Մարդանիին։
Բացի այդ, հայտնաբերվել են Bombardier CL-604 մասնավոր ինքնաթիռում գտնվող 10 հոգու այրված դիերը (8 ուղևոր և անձնակազմի 2 անդամ)։ Նրանց մարմինները ճանաչել են։ Օդանավում ընդհանուր առմամբ 11 մարդ է եղել։
Փոխնահանգապետի խոսքով, շուտով դեպքի վայր կժամանեն մասնագետներ Թուրքիայից, ինչպես նաև զոհվածների հարազատները։
Մարդանին աղետի պատճառների մասին գերադասել է չխոսել` նշելով միայն, որ պետք է ուսումնասիրել սև արկղի տվյալները։
Հիշեցնենք, որ Bombardier Challenger-ը պատկանում էր թուրք խոշոր գործարար, Başaran հոլդինգի ղեկավար Հուսեյն Բաշարանին։ Օդանավում եղել է նրա 28-ամյա դուստրը` Մինա Բաշարանը. աղջիկը պետք է ամուսնանար ապրիլին։ Հարսանիքից առաջ Մինան իր 7 ընկերուհիների հետ որոշել էր զվարճանել ԱՄԷ-ում և վերադառնում էր Թուրքիան։
Նախնական տվյալներով՝ վթարման պատճառը շարժիչի անսարքություն է եղել: Ականատեսները պատմել են, որ օդանավը այրվել է օդում՝ նախքան վայր ընկնելը:

