ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայկական ծագմամբ հայտնի ռուսաստանցի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում զայրալից գրառում է հրապարակել` սոցիալական ցանցում նյութեր ընտրելու քաղաքականության վերաբերյալ։
«Ինչի՞ համար, այ Instagram, ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցիր։ Այսօր առավոտյան բացելով իմ էջը` հաղորդագրություն կարդացի, թե իմ նախորդ հրապարակումը հեռացվել է, քանի որ խախտում է ցանցի քաղաքականությունը։ Եվ որևէ կոճակ չկա այդ քայլի դեմ բողոքելու համար։ Պարզապես հարկավոր է սեղմել ok կոճակը։ Իսկ երկու վայրկյան անց հասկացա, որ խոսքն իմ ամենասիրելի աշխատանքի մասին է, որը ես երեկ էի արել` Տոնիի համար և հենց երեկ էլ տեսանյութը հանրայնացրել էի»,- գրել է Գոհարը։
Նա խոստովանել է, որ դա այնքան վիրավորական էր իր համար, որ նա անգամ արտասվել է։
Հիշեցնենք, որ նախորդ օրը Ավետիսյանը տեսանյութ էր հրապարակել, որում նա կերպարանափոխում է դեմքի մի կեսն ամբողջությամբ կարմիր հետքով պատված աղջկան` այնպես, որ հետքի նշույլ անգամ չի երևում։ Instagram-ը հեռացրել է տեսանյութը` առանց որևէ պատճառաբանության։
«Ամեն տեսակի մերկ հետույքները և պոռնոգրաֆիական հրապարակումները ոչինչ չեն խախտում, իսկ իմ անմեղ կերպարանափոխումը հեռացվել է։ Դա՞ է արդարությունը, ասեք ինձ, ինչի՞ համար»,- ավելացրել է Ավետիսյանը` ասելով, որ անհետացել են նաև հրապարակման տակ արված բոլոր գրառումներն ու ջերմ բարեմաղթանքները։
«Ես սովորաբար միայն հավանում եմ նյութերը, բայց հիմա խոստովանում եմ, որ աղջիկներիս համար դուք թարմ շունչ եք։ Կարծում եմ, նրանց երախտապարտությունն ամենից վեր է»,- գրել է olgakosha111-ը։