ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 7-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 21։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 61 հերթապահ խումբը «գանգուղեղային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մանանդյան փողոցի բնակիչ՝ 71-ամյա Պավել Ասիլյանն է։ Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով։
Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ Ասիլյանը փորձում է թյուրիմացության մեջ գցել ոստիկաններին և բժիշկներին, իրականում նրան Մանանդյան փողոցի թիվ 25 շենքի մոտ վիճաբանության ժամանակ ծեծել է մի քաղաքացի, որն այնուհետև Mercedes մակնիշի 31 AD 001 համարանիշի ավտոմեքենայով փախել է։
Շենգավիթի ոստիկաններն այդ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում։
Կայքի տեղեկություններով՝ Ասիլյանն աշխատում է Երևանի հիմնական դպրոցներից մեկում՝ որպես զինղեկ։