ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի շուկան մոտ ժամանակներում Coca Cola Bottlers Georgia վրացական ընկերության կողմից կհամալրվի նոր ըմպելիքներով, այդ թվում` սուրճով կոլա, թեյով կոլա և այլն։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի գործարար, Coca Cola Bottlers Georgia ընկերության սեփականատեր Թեմուր Չկոնիան։
Ավելի վաղ հայտնում էին, որ Coca Cola Bottlers Georgia վրացական ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել կոնցեռնի գլխամասային գրասենյակի հետ Հայաստանում, Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում վրացական ջրով Coca Cola արտադրելու վերաբերյալ։
«Հայաստան արդեն սառը թեյ ենք ներմուծում։ Մոտ ժամանակները կմատակարարենք սուրճով կոլա, թեյով կոլա և շվեփս», – ասաց Չկոնիան։
Գործարարն ընդգծեց, որ վրացական ընկերությունն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել հայ գործընկերների հետ։
«Նրանք մեր գործընկերներն են և մենք արդյունավետ աշխատում ենք, համատեղ նախագծեր ենք ստեղծում։ Մեր ներուժը կարող է օգտագործել Հայաստանում գտնվող Coca Cola ընկերությունը, մենք էլ մեր հերթին կարող են օգտագործել հայկական ընկերության ներուժը», – ասաց Չկոնիան։
Հայաստանի Coca Cola ընկերությունը նույնպես վրացական շուկայի համար հատուկ խմիչքներ կարտադրի։ Սակայն` կոնկրետ ինչ, Չկոնիան չբացահայտեց։
Հիշեցնենք, որ վրացի գործարարը մտադիր է Հայաստանում McDonald's արագ սննդի կետ բացել։ Մինչև մարտի վերջ կլուծվի առաջին ռեստորանի բացման տարածքի հարցը։
Հայաստանում ռեստորանը բացելու հարցը որոշվում էր Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's ընկերության ներկայացուցչի հետ հանդիպման շրջանակներում։ Թբիլիսիում հայտնի ցանցի առաջին ռեստորանը Թեմուր Չկոնիան բացեց 90-ականներին։ Այժմ Վրաստանում աշխատում է McDonald's արագ սննդի մի քանի կետ։ Բացի այդ, գործարարը նաև Վրաստանում Coca-Cola-ի գործարանի և մի շարք այլ ձեռնարկությունների սեփականատերն է։