ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հեռուստահաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր բաժանորդներին պատմել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հիանալի արդյունքների մասին։
«ՈՒՀԱ-ի լավագույն «գիտակներ» Վադիկ Գալիգինի և Սերյոժա Կաշնիկովի հետ։ Շնորհավորում եմ մեր ողջ թիմին` հիասքանչ Էլդիար Կենենսարովին, Միխայիլ Գալուստյանին և Ալեքսեյ Կրիվենյուին։ Կեցցեք։ Անկասկած, պրոֆեսիոնալ գիտակներն ավելի լավ կխաղային, բայց սիրողական մակարդակի համար մենք վատ չէինք նայվում։ Ադրենալինի մակարդակը գերազանցում էր, իսկ դա ամենակարևորն էր։ Հ.Գ. Առանձին շնորհակալություն Ալես Մուխինին բրեյնսթորմինգի, ինտենսիվ մարզումների և արժեքավոր խորհուրդների համար», — գրել է Մարտիրոսյանը։
Գարիկի գրառումը չորս ժամվա ընթացքում ավելի քան 22 հազար «լայքի» է արժանացել։
Խաղից առաջ Մարտիրոսյանն անկեղծորեն խոստովանել էր բաժանորդներին, որ վախենում է։ Նա բոլորին խնդրել էր երկրպագել թիմին և սատարել նրանց։
Սա գարնանային եթերաշրջանի առաջին խաղն էր, որն անցկացվեց մարտի 4-ին Երևանի ժամանակով 23.30-ին։
Գիտակների թիմի կազմում խաղում էին ՈՒՀԱ-ի աստղերը` Սերգեյ Կաշնիկովը (Տագանրոգ), Էլդիար Կենենսարովը (Բիշքեկ), Ալեքսեյ Կրիվենյան (Արմավիր), Միխայիլ Գալուստյանը (Մոսկվա), Վադիմ Գալիգինը (Բորիսով), Գարիկ Մարտիրոսյանը (Երևան, թիմի ավագ)։ Հումորիստները հաղթանակի համար արժանացան «Բյուրեղապակյա ատոմ» մրցանակին։ Իր սաներին սատարելու էր եկել նաև ՈՒՀԱ-ի միջազգային միության ղեկավար Ալեքսանդր Մասլյակովը։