ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Վատ եղանակի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում այսօր ավելի քան 50 չվերթ են չեղարկել կամ հետաձգել։ Այս մասին տեղեկացնում է «Յանդեքս․Ռասպիսանիե» հարթակը։
Ծառայության տվյալների համաձայն՝ Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել է 22 չվերթ, Դոմոդեդովոյում՝ 11, ևս 17-ը չեղարկվել են։ Վնուկովոյում 2 չվերթ հետաձգվել է, ևս երկուսը՝ չեղարկվել։
Օդանավակայաններում հայտնել են, որ «Մոսկվայի ավիացիոն հանգույցի օդանավակայաններն աշխատում են փաստացի եղանակով», չվերթերը չեղարկվում են ավիաընկերությունների որոշմամբ։ Օդանավերը մշակում են հակասառույցային հեղուկով, թռիչքային հարթակները մաքրվում են։
Օդերևութաբանական կենտրոնի կանխատեսմամբ՝ Մոսկվայում այսօր սպասվում է ամպամած եղանակ, ուժեղ ձյուն ու սառնամանիք՝ մինչև —8 աստիճան։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքում այսօրվա ցուցակի «Երևան-Մոսկվա» հինգ չվերթերի վերաբերյալ նշված է միայն «ուշացում»։
«Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը ժամը 12:30-ին պետք է Երևանից Մոսկվա մեկներ ու ժամը 15:00-ին վայրէջք կատարեր, սակայն օդանավը կշեղվի չվացուցակից ու վայրէջք կկատարի ժամը 17:45-ին։