ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Կառավարության փոփոխությանն ընդառաջ, պաշտոնների նոր հավակնորդներ են ի հայտ գալիս: Նրանցից ոմանք անգամ իրենք են լուրեր տարածում, թե նշանակվելու են այս կամ այն պաշտոնում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նրանց թվին է պատկանում նաև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, որը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից է»,- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` նա իր մտերիմներին ասել է, թե առողջապահության նախարարի պաշտոնում քննարկում են նաև իր թեկնածությունը, և անգամ կարծիք է հայտնել, որ եթե ժամանակին իր մտերիմ Արմեն Մուրադյանին վստահել են այդ պաշտոնը, ինչո՞ւ չեն կարող այս փուլում էլ իրեն վստահել:
«Չնայած, ասում են, որ վարչապետի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանը որոշել է մինչև տարեվերջ որևէ փոփոխության չգնալ կառավարության կազմում, եթե փոփոխություններ արվեն, ապա կփոխվեն միայն երկրորդ էշելոնի պաշտոնյաները՝ փոխնախարարներ, վարչության պետեր»,- գրում է թերթը:
