ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրի մեկնած նոր ու հարմարավետ ЭП2Д էլեկտրագնացքի առաջին ուղևորները կառավարության անդամներն էին՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն գնացքը գնել է վերջերս և գործարկել այսօր` մարտի 3-ին։
Այն, որ նոր էլեկտրագնացքը բավական հարմար է, Sputnik Արմենիայի թղթակցին վստահեցրեց ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը:
«Շատ հարմար է: Պատկերացրեք` հաճույքով միշտ կարելի է երթևեկել: Շատ ցիվիլ ու ճշգրիտ է աշխատում»,- հավաստիացրեց նա:
Էլեկտրագնացքն այս պահին ժամային առումով շատ հարմար է Երևանից Գյումրի եկողների համար, բայց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը խոստանում է առաջիկայում հնարավորության դեպքում ավելացնել ուղերթերը:
Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրես ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:
«էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:
Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:
Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ»,- Sputnik Արմենիային ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:
Մարտի 4-ին և 8-11-ը գնացքը կաշխատի անվճար: Դրանից հետո տոմսը կարժենա 2500 դրամ:
Եթե շատերի համար այս գինը թանկ է, ապա ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս օգտվել այլընտրանքային տարբերակից. նոր էլեկտրագնացքին զուգահեռ Երևան-Գյումրի-Երևան երթուղու մյուս չվերթերն առայժմ կսպասարկվեն հին շարժակազմով ու հին գներով:
Գյումրու երկաթուղային կայարանից կառավարության անդամները շարժվեցին Շիրակի մարզպետարան, որտեղ ՀՀ վարչապետի գլխավորությամբ անցկացվեց փակ խորհրդակցություն: Ավելի քան 2 ժամ տևած խորհրդակցությանը ներկա էին բոլոր ոլորտների ներկայացուցիչները:
Խորհրդակցության ավարտին վարչապետը լրագրողներին տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են անցած տարվա կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
«Մենք հերթական մարզային հանդիպումն ենք ունեցել: Քննարկել ենք Շիրակի մարզում 2017 թվականին կատարած աշխատանքները և այն ուրվագիծը, որ կա 2018 թվականին: Պայմանավորվել ենք վերացնել բացերն ու թերի ծրագրերը»,- լրագրողներին կարճ պատասխանեց վարչապետը։
Նա խոստացավ առաջիկա օրերին կրկին գալ Գյումրի։