ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Coca Cola Bottlers Georgia ընկերությունը կոնռեցնի գլխամասային գրասենյակի հետ պայմանավորվել է, որ Coca Cola-ն Հայաստանում, Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում արտադրվի վրացական ջրով։ Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, ընկերության սեփականատեր Թեմուր Չկոնիան այս մասին հայտնել է TV Pirveli հեռուստաընկերությանը։
«Աշխարհում շատ մեծ է ջրի պահանջարկը և շարունակում է աճել։ Այն տեղանքը, որը մենք ձեռք ենք բերել, հիասքանչ է, էկոլոգիապես մաքուր ջուր կա, որը մենք ուղարկել ենք Coca Cola։ Այնտեղ ջրի զարգացման հատուկ դեպարտամենտ է ստեղծվել։ Մեր ջուրը կմատակարարվի Coca Cola-ի` Ադրբեջանում, Հայաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում գտնվող կառույցներին»,- ասել է Չկոնիան։
Նա հայտնել է, որ վրացական ջուրը, ըստ հետազոտությունների, մեծ վստահություն ունի հետխորհրդային տարածքի երկրներում։ Այդ իսկ պատճառով ընկերությունը ծրագրում է մեծ ներդրումներ անել քաղցրահամ ջրի ուղղությամբ։
Sputnik Արմենիան այս կապակցությամբ հարցում ուղղեց Coca Cola Bottlers Armenia ընկերությանը, որտեղից պատասխանեցին, որ կպատասխանեն հաջորդ երկուշաբթի։
Չկոնիան նաև ասել է, որ Coca Cola Bottlers Georgia-ն կսկսի ջուր բաց թողնել նոր գործարանից, որի շինարարությունը կմեկնարկի մարտի 13-ին Մցխեթ Մթիանեթ շրջանի Նաթախտարիում։ Գործարանը շահագործման կհանձնեն ինն ամիս հետո։
«Երբ մենք 25 տարի առաջ առաջին ներդրումն արեցինք Coca Cola-ում, Դիդուբե շրջանը կենտրոն չէր համարվում, ինչպես հիմա։ Տարածքն էլ չէր համապատասխանում այն պահանջներին, որոնց պետք է համապատասխանի մեր արտադրանքը։ Ելնելով դրանից` ի հայտ եկավ գործարանը տեղափոխելու հարցը»,- ասել է Չկոնիան։
Նա հայտնել է, որ ծրագրում են վերակազմավորել գործարանը։ Չկոնիան նշել է, որ նախագծի համաձայն` նոր շրջանում կլինեն առևտրի կենտրոններ, լողավազան և մարզասրահ։ Գործարարն այդ նպատակով պատրաստվում է 17 միլիոն դոլար ծախսել։