Այսօր` ժամը 14։30-ին, Երևանի կենտրոնում`Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, հնչեց նախապես հայտարարված տագնապի ազդանշանն ու անցկացվեց քաղպաշտպանության ցուցադրական հատուկ ուսումնավարժությունը։
Ուսումնական վարժանքի սցենարի համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր: Ռմբակոծվել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը, որն զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ և փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ, կան տուժածներ:
Փրկարարների, ոստիկանների, քաղաքային իշխանությունների ջանքերով հաջողվել է փրկել շենքում մնացածներին ու չեզոքացնել վտանգը։
Ուսումնավարժանքի մասնակիցներն ապացուցեցին` Հայաստանը պատրաստ է դիմակայել ցանկացած վտանգի։
Մարտի 1-ին աշխարհում նշվում է քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այս տարի այն նշվում է «Քաղաքացիական պաշտպանությունը և ազգային կառույցները հանուն աղետների առավել արդյունավետ կառավարման» կարգախոսով։