ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Թուրքական իշխանամետ «Աքշամ» պարբերականն անդրադառնալով հայ-թուրքական սահմանին իրականացվող անվտանգության միջոցառումներին՝ տեղեկացրել է, որ Կարսի կողմից Հայաստանի հետ սահմանը հսկվում է ջերմատեսիլ սարքերով: Խոսքը Մուստաֆա Քոչաք սահմանային պարեկակետի մասին է, որտեղ, ըստ պարբերականի, թուրք զինվորները շուրջօրյա հսկողություն են իրականացնում անգամ 15 աստիճան ցրտի պայմաններում:
Սահմանին տեղադրված են ջերմատեսիլ սարքեր, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես գրանցել ցանկացած սահմանահատում և համապատասխան միջամտություն իրականացնել։
Հայտնի է, որ պարեկակետի տարածքն ընդգրկում է մոտ 10 կմ լայնությամբ սահմանային հատված, որտեղ հերթափոխով հսկողություն է իրականացվում՝ սահմանագծին ու դիտակետերից:
Հայ-թուրքական սահմանի ամբողջ երկարությունը 330 կմ է։ Հայկական կողմից սահմանը հսկում է Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության զորքը։