ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Այսօր` փետրվարի 27-ին, Երևանի երկաթուղային կայարանից առաջին անգամ դեպի Գյումրի մեկնեց Երևան-Գյումրի-Երևան նոր ЭП2Д էլեկտրագնացքը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն այն ձեռք է բերել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից:
Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին Գյումրիից վերադառնալով մայրաքաղաք:
Մարտի 4-ին և 8 — 11-ը գնացքը կաշխատի անվճար: Դրանից հետո տոմսը կարժենա 2500 դրամ:
Երթևեկության կտևի 1 ժամ 59 րոպե: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։
Նոր էլետրագնացքին զուգահեռ Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթներն առայժ կսպասարկվեն հին շարժակազմով:
Նոր էլեկտրագնացքն ունի 2 վագոն, օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:
Գնացքը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, ունի անվճար Wi-Fi կապ։
Գնացքում ծխելն արգելվում է: