Խաչիկ Չախոյան, Sputnik.
Փհենչհանի օլիմպիական խաղերը մոտենում են ավարտին: Արդեն մատների վրա կարելի է հաշվել, թե մեդալների քանի հավաքածու է խաղարկվելու: Մինչև փետրվարի 23-ը Սոչի օլիմպիական խաղերում մեդալների թվով թիմային հաղթանակ տարած Ռուսաստանի հավաքականը ոչ մի ոսկե մեդալ չէր նվաճել: Հույսն, անկասկած, գեղասահքի կանանց մենասահքն էր, որի կարճ ծրագրից հետո աղյուսակը գլխավորում էին Ռուսաստանը ներկայացնող Ալինա Զագիտովան և Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան):
Ազատ ծրագրի մրցումներում երկու մարզուհիներն էլ մեկը մյուսի հետևից ստացած գնահատականներով աշխարհի ռեկորդ սահմանեցին: Զագիտովան առաջինն էր, իսկ Մեդվեդևան` երկրորդը: Երրորդն ընթանում էր կանադուհի Կաետլին Օսմոնդը: Ընդ որում, այս երեք մարզուհիներն էլ զգալի առավելություն ունեին իրենց հետապնդողների նկատմամբ:
Վիճակահանության համաձայն` ազատ ծրագիրը հաղթողի հիմնական հավակնորդներից առաջինը ներկայացնելու էր Ալինա Զագիտովան, հետո Կաետլին Օսմոնդը, և մրցումները եզրափակելու էր Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան): Զագիտովայի ազատ ծրագիրը ավելի բարդ էր քան Մեդվեդևայինը: Նախապես առաջատարի ցատկերի ծրագրի մեջ կար կասկադ եռակի ռիտբերգերով, բացի այդ հիմնական ցատկերը Զագիտովան կատարելու էր իր ծրագրի երկրորդ հատվածում ինչը 1.1 միավոր շատ էր տալիս գեղասահորդուհուն: Բայց Մեդվեդևան կարող էր փոխել իր ծրագիրը: Կարճ ասած, բոլորն անհամբեր սպասում էին այս հիանալի գեղասահորդուհիների ելույթին:
Զագիտովան իր ծրագրի սկզբում կարծես լարված էր, բայց հիանալի կատարումից հետո ռուս գեղասահորդուհին ազատ ծրագրում վաստակեց 156,65 միավոր ու երկու ծրագրերի արդյունքում ցույց տվեց լավագույն արդյունքը՝ 239, 57 միավոր: Առջևում դեռևս պետք է ելույթ ունենային Օսմոնդը և Մեդվեդևան: Կանադուհին վրիպումներ ունեցավ ու երկու ծրագրերի հանրագումարում ցույց տվեց այդ պահին երկրորդ արդյունքը: Ամեն ինչ վճռվեց Եվգենյա Մեդվեդևայի ելույթից հետո: Պատկերացնել անգամ հնարավոր չէ, թե ինչքան մեծ պատասխանատվություն էր 18-ամյա գեղասահորդուհու ուսերին ու ինչպիսի հուզմունք կար:
Իր ելույթից հետո Մեդվեդևան արտասվեց հենց սառցադաշտում: Եվ բոլորի հայացքն ուղղվեց մրցավարներին ու լուսատախտակին: Զագիտովային հաղթելու համար Մեդվեդևան պետք է վաստակեր առնվազն 157,97 միավոր: Մրցավարները նրան շնորհեցին 156,65:
Մեվեդևան հաղթեց ազատ ծրագրում, բայց երկու ծրագրերի ընդհանուր գումարով օլիմպիական չեմպիոն հռչակվեց Ալինա Զագիտովան, իսկ բրոնզը բաժին հասավ Կաետլին Օսմոնդին: