ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանի առողջապահության նախարարությունը նախատեսում է մինչև 2030թ-ը երկրում նվազեցնել մահացության մակարդակը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։
«Ամեն տարի Հայաստանում մահանում է 28 հազար մարդ, նրանցից 14 հազարը տարբեր պատճառներով հանկարծամահ են լինում», — ասաց Մելիք-Նուբարյանը։
Նրա խոսքով` այսօր առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր հիվանդության դեմ մշակում է բուժման առանձին ռազմավարություն։ Նախարարության ծրագրերի մեջ է մտնում մինչև 2030թ-ը 6 հազարով կրճատել մահվան դեպքերը։
Հայաստանում հիմնականում մահանում են սրտանոթային համակարգի հիվանդությունների, ուռուցքաբանական և շնչառական ուղիների հիվանդությունների պատճառով։ Դրանց տարածմանը նպաստում է աղտոտված օդը։
Մելիք-Նուբարյանը վստահ է, որ հիվանդությունների մեծ մասը կարելի է կանխարգելել դրանց հարուցիչների դեմ պայքարելու միջոցով։
Այդ նպատակով երկրում սկսվել է ծխողների թիվը կրճատելու ծրագիր։ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի նախագիծը խոշոր տուգանքներ է նախատեսում հասարակական վայրերում ծխելու համար։
«Օրինակ` թոքերի քաղցկեղը 90 տոկոս դեպքերում առաջանում է ծխելու հետևանքով»,- ասաց նա Մելիք-Նուբարյանը։
Նա նշեց, որ Հայաստանի գյուղական բնակչության 70 տոկոսը նույնպես ռիսկային խմբում է, քանի որ տները տաքացնում են փայտով։ Ոչ բոլորը գիտեն, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել փայտի վառարանները, որպեսզի չաղտոտեն օդը։
Ուռուցքաբանական հիվանդությունները թեև երկրորդ տեղում են, բայց դրանց գլխավոր պատճառը շարունակում է մնալ սթրեսը, սխալ սնունդը, անառողջ կենսակերպը և ճառագայթման մակարդակի բարձրացումը։
Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է վահանաձև գեղձի քաղցկեղով հիվանդանալու դեպքերի աճ, հատկապես երիտասարդության շրջանում։ Մեծ մասամբ հիվանդանում են 20-30 տարեկան անձինք։