Խաչիկ Չախոյան, Sputnik.
Հայաստանի օլիմպիական թիմը ավարտեց իր ելույթները Փհենչհանի օլիմպիական խաղերում: Մեր վերջին ներկայացուցիչը՝ Աշոտ Կարապետյանն, այսօր լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքի մրցումներում զբաղեցրեց 42-րդ տեղը:
Ոլորավայրէջքի մրցումներին մասնակցում էին 107 մարզիկ, ոչ բոլորին հաջողվեց հատել վերջնագիծը: Նրանք, ովքեր պայքարում էին մեդալի համար, ռիսկի դիմեցին ու դուրս մնացին մրցաշարից:
Լեռնադահուկային սպորտի կարևոր գաղտնիքներից մեկն այն է, որ մասնակիցները ծանոթ չեն մրցուղուն: Մարզումներն անցկացվում են լրիվ այլ մրցուղու վրա: Բացի այդ, առաջին մեկնարկից հետո կազմակերպիչները փոխում են դարպասները` հերթական անակնկալ մատուցելով մասնակիցներին: Վստահ կարելի է ասել, որ մեր լեռնադահուկորդը կատարեց նվազագույն առաջադրանքը` երկու մեկնարկներում էլ հասնելով ու հատելով վերջնագիծը: Դրա համար նա զգուշություն դրսևորեց:
Մրցումների առաջին մեկնարկին մասնակցած 107 լեռնադահուկորդից վերջնագծին հասան 52-ը, իսկ Աշոտ Կարապետյանը այդ ցուցակում 50-րդ տեղում էր` առաջ անցնելով միայն ԿԺԴՀ-ի երկու մասնացներին: Երկրորդ մեկնարկի գլխավոր անակնկալն այն էր, որ մրցումների առաջատար նորվեգացի Հենրիկ Քրիստոֆերսենը չկարողացավ անցնել մրցուղին ու դուրս մնաց: Իսկ Աշոտ Կարապետյանը երկրորդ մեկնարկում էլ հասավ վերջնագծին, բայց հայ մարզիկի վերջնական արդյունքը 42-րդ տեղն է: Ընդ որում` երկրորդ մեկնարկում էլ եղան մի քանի մարզիկներ, որոնք չհասան վերջնագիծ ու ստացվեց այնպես, որ մեր լեռնադահուկորդը նախավերջին տեղը զբաղեցրեց:
Այն, որ Կարապետյանը երկու մեկնարկներում էլ հատեց վերջնագիծը, լավ արդյունք է արդեն, համենայնդեպս` մեզ համար: Սակայն նշենք, որ կային մարզիկներ, որոնց մեր լեռնադահուկորդը կարող էր շրջանցել: Ուզբեկստանի, Կոսովոյի, Ղրղըզստանի և նման երկրների մարզիկներին կարելի էր հաղթել: Ինչևէ, 18 տարեկան մարզիկի համար օլիմպիական խաղերի մասնակցությունը մեծ փորձ է:



«Կարծում եմ վատ չէր, որ կարողացա արդյունք ցույց տալ, թեկուզ և` ոչ այնքան բարձր: Բայց եթե հաշվի առնենք, որ 107 մասնակից կար, 42-րդ տեղը համարում եմ լավ արդյունք: Դեռ 18 տարեկան եմ, և մարզական կյանքս առջևում է: Սա փորձ էր, որը ինձ պետք էր ու կօգնի ինձ ապագայում» – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Աշոտ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Փհենչհանում Հայաստանը ներկայացնում էին դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, ինչպես նաև լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: