ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Փետրվարի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նալբանդյանը Կլաարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ հունվարին Կրակովում եռանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնման իրագործման կապակցությամբ։
«Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո, ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները Բաքվում էին, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը»,- ընդգծել է Նալբանդյանը:
Նախարարը նշել է, որ եռանախագահները տարածաշրջանային վերջին այցի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտեցին գագաթաժողովներին ստանձնած հանձնառությունների իրագործման անհրաժեշտությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ անվերապահ սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս դիրքորոշմանը։
Նախարար Նալբանդյանը կարևորել է նաև Եվրոպական Միության հետևողական դիրքորոշումն` ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմք հանդիսացող միջազգային իրավունքի երեք սկզբունքներին` ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքին։
«Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը հասել է նրան, որ չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ այս սկզբունքային մոտեցումը», — շեշտել է Նալբանդյանը։
Տոյվո Կլաարը վերահաստատել է Եվրոպական Միության աջակցությունն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությանը, նրանց առաջարկություններին։