ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Ամերիկացի գեղասահորդուհի Էշլի Վագները կարծում է, որ 2018թ-ի օլիմպիադայի կանանց գեղասահքի մրցաշարում հաղթելու մեծ հավանականություն ունի ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան)։ Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Օլիմպիական ալիքին։
Վագները նաև ուշադրություն է դարձրել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Միրաի Նագասուին, իտալացի Կարոլինա Կոստներին և կանադացի Քեթլին Օսմոնդին։ Վագները սակայն լռել է ևս մեկ ռուսաստանցու՝ 2018թ-ի Եվրոպայի չեմպիոն և թիմային մրցաշարում օլիմպիադայի արծաթե մեդալակիր Ալինա Զագիտովայի մասին։
«Եվգենյա Մեդվեդևան մի քանի տարի գրեթե անպարտելի է, և դա պետք է լինի նրա մեդալը։ Բայց կան մի քանի երիտասարդ աղջիկներ, որոնք շատ են ձգտում հաղթանակի։ Տեսնենք, թե կկարողանա՞ նա առաջ անցնել այդ աղջիկներից», — ասել է Վագները։
Նրա խոսքով՝ շատ բան կախված է եռակի աքսելից։ Միրաի Նագասուն դարձել է առաջին ամերիկուհին, որը կարողացել է անվրեպ իրագործել դա օլիմպիադայում։ Նրա կարծիքով՝ դա Նագասուին առավելություն է տալիս։
«Կարոլինա Քոսթները վերջին մի քանի սերունդների ամենաարտիստիկ գեղասահորդուհին է։ Իմ սիրելի գեղասահորդուհիներից մեկն է։ Անսպասելի ուժեղ մրցակից կլինի Քեյթլին Օսմոնդը։ Նա շատ ուժեղ մարզուհի է, բայց շատ բան կախված կլինի նրա հոգեվիճակից։ Եթե նա տրամադրվի, ապա միանշանակ կկանգնի պատվո հարթակին», — ասել է Վագները։
Նրա կարծիքով՝ կանանց գեղասահքը հիմնվում է «տեխնիկայի», ճիշտ կատարման վրա։ Ռուսաստանցիներն այդ առումով բարձրացնում են իրենց նշաձողը ։ Տեխնիկական նշաձողի բարձրացումն, անշուշտ, լավ է, բայց մյուս կողմից տուժում է արտիստիզմը։
Եվգենյա Մեդվեդևան հաղթել է Փհենչհանի օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարի կարճ ծրագրում։ Հայազգի աղջիկը հավաքել է 81,06 միավոր, ինչը ռեկորդային արդյունք է։