ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Ռեժիսոր Արթուր Բոլդերի «Ամերիկյան հայելի» վավերագրական ֆիլմը` ամերիկահայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի և օսկարակիր դերասանուհի Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ, հնարավոր է` ներկայացվի նաև Հայաստանում։
«Պրոդյուսերները պատրաստվում են ֆիլմը ներկայացնել մի շարք փառատոներում։ Պրեմիերայի մասին տեղեկություն առայժմ չկա։ Հուսամ` Երևան էլ կբերենք»,- Sputnik Արմենիային ասաց Ձիթողցյանը։
Ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ֆիլմի թրեյլերը և գրել. «Թանկագին բարեկամներ, ես չափազանց հուզված եմ և ուրախ։ Ներկայացնում եմ «Ամերիկյան հայելի» ֆիլմը, որի վրա աշխատել ենք վերջին երկու տարիներին»։
Ֆիլմում շոշափվում է կնոջ գեղեցկության թեման և թե ինչպես է մարդն ընդհանրապես ընկալում գեղեցկությունը։ «Ամերիկյան հայելին» ցուցադրում է նկարչի աշխատանքների ստեղծման գործընթացը, մասնավորապես, թե ինչպես է Ձիթողցյանը ստեղծում «Հայելիներ» շարքը։ Գեղեցկության թեման ներկայացվելու է ոչ միայն ստեղծագործական գործընթացի, այլ նաև երկխոսությունների միջոցով։
Ֆիլմում խաղում են նաև հայտնի դերասանուհի և ֆոտոմոդել Էշլի Հինշոուն և մոդել Հիլարի Ռադան։