ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Դատելով կառավարության կառուցվածքի և գործունեության ֆունկցիոնալ բաժանումների, ավելի շուտ ֆունկցիոնալ համակենտրոնացման մասին օրենսդրական նախաձեռնություններից, Սերժ Սարգսյանի ապրիլյան վարչապետությունը ստանում է միս ու արյուն: Այդուհանդերձ առանցքային հարց է մնում այն, թե ինչպես պետք է ձևակերպվի այդ վարչապետությունը, այսինքն ինչպես պետք է ձևակերպվի Սարգսյանի առաջադրումը Կարեն Կարապետյանի փոխարեն, եթե Կարապետյանը հայտարարում է, որ գերազանցում է անգամ սահմանված ցուցանիշները: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Այստեղ թվում է, թե խնդիրը տեխնիկական է, եթե արդեն կա քաղաքական որոշումը: Սակայն առաջին հայացքից տեխնիկական թվացող խնդիրն իրականում ունի նրբերանգներ, առնվազն այն առումով, թե արդյոք այդ բացատրությունը պահանջելու է ընդամենը ինչ-որ մեկի համարձակություն և երևակայություն, թե՞ պահանջելու է նաև իրավիճակների ստեղծում՞,- նշված է հոդվածում:
Այսինքն, Սերժ Սարգսյանը կանգ է առնելու իր վարչապետությունը բացատրելու և հիմնավորելու միայն տեքստային տարբերակի կամ այսպես ասած «քաղաքագիտական վերլուծությա՞ն» վրա, թե՞ Սարգսյանը փորձելու է ստանալ առավել լեգիտիմ և համոզիչ արձագանք հանրության շրջանում ու գնալ իրավիճակներ ստեղծելու միջոցով բացատրվելու տարբերակին: Իսկ այդ տարբերակն ընտրելու դեպքում էլ առաջ է գալիս հարց, թե ինչպիսին է լինելու «պրոֆիլի» ընտրությունը՝ դա լինելու է տնտեսություն, սոցիալական լարման աճ, թե՞ անվտանգություն: Ընդ որում, անվտանգություն ասվածն, անշուշտ, չի սահմանափակվում միայն արցախյան խնդրով և առաջնագծով:
Ըստ «Ժամանակի»` ի վերջո, կա նաև ներքին անվտանգության խնդիր, և այդ մասով, թերևս, արժե հիշել կամ պետք չէ մոռանալ, թե ինչ շեշտադրումներ է արել Սերժ Սարգսյանը վերջին շրջանում Անվտանգության խորհրդի նիստում և ԱԱԾ-ում: Խոսքն ահաբեկչության դեմ պայքարը ակտիվացնելու մասին է, այդ հարցում նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին, որի վերաբերյալ անվտանգության խորհրդում բարձրաձայնել է Սերժ Սարգսյանը: Այլ կերպ ասած, նա դեռևս մի քանի շաբաթ առաջ պատից կախել է մի հրացան, որը դրամատուրգիայի ժանրի կանոնների համաձայն ինչ-որ պահի պետք է «կրակի»:
«Իհարկե, հրացանները մեկը չեն, և Սարգսյանն այդ իմաստով թողել է իր համար ընտրության հնարավորություն, ինչով սակայն գործնականում ընտրության հնարավորություն չի թողել որևէ այլ մեկի: Մնում է տեսնել, թե ժանրի կանոններով հատկապես ո՞ր հրացանն է «կրակելու»»,- գրում է թերթը: