ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» ու Նիգերիայի հավաքականի հարձակվող Ալեքս Իվոբին The Mirror պարբերականի հետ հարցազրույցում խոստովանել է, որ խաղալ է սովորում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից։
The Mirror-ը հետաքրքրվել է նրանից` ինչպես է իրեն զգում «զինագործների» հարձակման դիրքում խաղացողների խիստ մրցակցության պայմաններում։ Իվոբին պատասխանել է` ուրախ է դաշտ դուրս գալու յուրաքանչյուր հնարավորության համար։
«Ես դեռ երիտասարդ եմ ու սովորում եմ։ Սովորում եմ այնպիսի տղաներից, ինչպիսին են Մեսութ Օզիլն ու Հենրիխ Մխիթարյանը», — ասել է Իվոբին։
Նշենք, որ Իվոբին ու Մխիթարյանն օգնել են իրենց թիմին հինգշաբթի հաղթել շվեդական «Էստերսունդի» հետ խաղում։ «Զինագործները» հաղթել են 3:0 հաշվով։ Լոնդոնցիների կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու աչքի է ընկել արդյունավետ փոխանցումներով. Մեսութ Օզիլը գոլ է խփել Հենրիխի շնորհիվ։
Խաղի 84-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինել են։
«Արսենալի» հաջորդ խաղը տեղի կունենա Լոնդոնում. շվեդները Բրիտանիայի մայրաքաղաք կմեկնեն` վրեժխնդիր լինելու։