Լիլիթ Հարությունյան, Sputnik
Օրենբուրգի մարզի Խաբարնոե գյուղում ապրող բազմազավակ Էդուարդ Սահակյանը կնոջ` Վեներայի մահից հետո, ստիպված է մենակ դաստիարակել ինը երեխաներին։ Կնոջ հետ ապրել է 13 տարի։ Վեներան մահացել է իններորդ երեխային լույս աշխարհ բերելուց հետո. հետծննդաբերական բարդություններ են ծագել։
Ընտանիքն այդ շրջանում պատրաստվել է բնակարանամուտի. ամուսինները որոշել են նոր տուն կառուցել, որի շինարարությունն այժմ դադարեցվել է։ Ընտանիքն ապրում է գյուղական հին տանը, որն արդեն շունչը փչում է։ Սահակյաններն այս տունը չեն նորոգել, քանի որ պատրաստվել են փոխել բնակության վայրը։ Կնոջ մահը բարդ իրադրության մեջ է դրել Սահակյանին և 9 երեխաներին (5 աղջիկ և 4 տղա)։
Նոր տունը կառուցվել է, դռներն ու պատուհանները դրվել են, տանիքի հարցն են լուծել, բայց ներսում ոչ ջուր կա, ոչ գազ, ոչ էլ սանհանգույց։
Նովոտրոիցկի կոմբինատը խոստացել է ավարտել շինարարությունը, բայց Էդուարդ Սահակյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ որևէ կոնկրետ քայլ դեռ չի արվել։ Օգնության են հասել Էդուարդի առաջին ամուսնությունից ծնված աղջիկները։
«Ես երկու մեծ աղջիկ ունեմ, որոնք ապրում են Մոսկվայում։ Նրանք երկսենյականոց բնակարան ունեն Նովոտրոիցկում։ Զանգեցին ինձ ու ասացին, որ տեղափոխվեմ այնտեղ, բայց նախ պետք է վերանորոգել։ Կարծում եմ` մյուս շաբաթվա ավարտին արդեն կտեղափոխվենք»,- ասաց Էդուարդը։
Մեծ դուստրերը խոստացել են նաև իրենց հետ ծով տանել փոքրիկներին։
Էդուարդը դեռ չի կարողանում աշխատել, քանի որ երեխաների հոգսն ամբողջությամբ նրա ուսերին է։ Ժամանակին անձնական միկրոավտոբուս է ունեցել, որը մի քանի տարի առաջ այրվել է։
«Ես երթուղայինի վարորդ էր, բայց առանց սեփական մեքենայի ստիպված պետք է վճարեմ տիրոջը, ինչը ձեռնտու չէ։ Բացի այդ, ժամով աշխատելն էլ դեռ չի ստացվում»,- ասաց նա։
Էդուարդը Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել 1995 թվականին։ Նա հայրենիքի հետ կապը պահում է, հարազատները օգնում են նրան։ Անտարբեր չեն մնում նաև ընկերները, հայկական սփյուռքն ու անգամ անծանոթները, որոնք իմանում են նրա պատմությունը։