ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի թիմի կազմում Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը նոր մարզագույքը ստանալուց հետո այսօր անցկացրեց հերթական մարզումը օլիմպիական մրցուղիում:
Մարզիչ Սեյրան Հարությունյանի հետ հայ դահուկորդը փորձումը լավագույնս ձևով ծանոթանալ մրցուղուն, որն իր մեջ բավականին լուրջ վտանգ է պարունակում:

Նախևառաջ նշենք, որ մի քանի օր առաջ հայկական կայքերի գլխավոր նորություն դարձած հայ լեռնադահուկորդն առաջին անգամ չէ, որ մարզվում է օլիմպիադայում: Առաջին երեք մարզումներից հետո դահուկներից մեկի վնասվելուց հետո (ոչ թե կոտրվելու, ինչպես նշում էին հայկական կայքերը) հայ լեռնադահուկորդը չէր մարզվում: Հիմա արդեն այդ խնդիրը լուծված է, և Աշոտ Կարապետյանը նոր դահուկներով ու համապատասխան մարզակոշիկներով դուրս եկավ մարզման:
Ե՛վ մարզիկը, և՛ մարզիչը նշեցին, որ ամեն ինչ կանեն բարձր արդյունք ցույց տալու համար:
«Հիմա ես մարզագույքի հետ կապված ոչ մի խնդիր չունեմ ու արդեն կենտրոնացել եմ մարզումների վրա: Մարզչի հետ պետք է քննարկենք մրցուղին համարյա սանտիմետրը սանտիմետրի հետևից, որովհետև շատ բարդ մրցուղի է: Ձյունն արհեստական է, և մրցուղին պատված է սառույցով, ինչը շատ ավելի է բարդացնում դահուկորդի գործը: Համեմատելու համար ասեմ, որ Ծաղկաձորում բնական ձյան վրա կարել է ասել «փափուկ» մրցուղի է, իսկ այստեղ լրիվ հակառակը»,- ասաց դահուկորդը։
Աշոտ Կարապետյանը մեկնարկ է վերցնելու ոլորավայրեջքի (slalom) մրցումներում, և մեծ արագություն հավաքելով ձողերի միջով ընթանալու համար, բնականաբար, արգելակել է հարկավոր մրցատարածության որոշ հատվածներում, իսկ սառույցի վրա արգելակելը, ինչպես հասկանում եք, շատ դժվարանում է: Ինչևէ, նման պայմանները միայն մեր դահուկորդի համար չեն: Այնպես, որ մինչև փետրվարի 22-ը դեռ ժամանակ կա։ Հուսանք, որ հայ լեռնադահուկորդը լավ արդյունք կունենա:
