ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանում անօդաչու թռչող սարքերի ժամանակակից լաբորատորիա կբացվի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց համալսարանի պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը։
Փետրվարի 22-ին նախատեսված բացման արարողությանը ներկա կլինեն նաև երկրի իշխանության ներկայացուցիչները։
Սարքերի համար հատուկ «վանդակ» են առանձնացրել, տասնյակ տեսախցիկներ տեղադրել` ինֆրակարմիր լույսերով։ Սարքերի վրա կդրվեն ճառագայթման անդրադարձիչներ, որոնցով հնարավոր կլինի անօդաչուների ընթացքին հետևել միլիմետրի ճշգրտությամբ։
Ստեղծված սարքերը երկինք ուղարկելուց առաջ հնարավոր կլինի ստուգել այդ «անգարում»։
Շարժման ինֆրակարմիր հաղորդիչները նորություն չեն. դրանք արդեն հայտնվել են անգամ մեր տների շքամուտքերում, բայց լաբորատորիայի սարքերը, բնականաբար, շատ ավելի ճշգրիտ են։
Պոլիտեխնիկում վաղուց են զբաղվում անօդաչուների էլեկտրոնիկայով, իսկ հիմա կպատրաստեն նաև կորպուսը։ Նշենք, որ երեկ` փետրվարի 12-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 17-րդ մասնաշենքում տեղի է ունեցել «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի» բացումը։