ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական նշանակություն ունեն միմյանց համար, հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Երևանում հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում։
Նրա նշեց, որ, չնայած վերջին 10 տարիներին փոխադարձ առևտրում աճ է գրանցվել, այնուհանդերձ այն չի համապատասխանում առկա ներուժին։
Ռադևը հայտնեց, որ երկու երկրների փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչները սկսել են բանակցություններ վարել համագործակցության խորացման ուղղությամբ։ Նրա խոսքով` իրենք արդեն պայմանավորվել են հունիսին Բուրգասում մեծ համաժողով անցկացնել, որին կմասնակցեն երկու երկրների ձեռնարկատերերը, և համաժողովի շրջանակում համագործակցության մասին հուշագիր կստորագրվի։
«Մենք կարծում ենք, որ մեր երկրները ռազմավարական նշանակություն ունեն միմյանց համար», — ասաց Ռադևը։
Նրա խոսքով` պետք է ամրապնդել երկրների միջև համագործակցությունը, հատկապես Պարսից ծոց-Սև ծով բազմամոդալ միջանցքի շրջանակում։
Նա սատարել է Սարգսյանի առաջարկը` այդ միջանցքով հետաքրքրված երկրների տրանսպորտի նախարարների միջև հանդիպում անցկացնելու մասին։
Բացի այդ, Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը լավ հնարավորություն կդառնա Բուլղարիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար։
Նա նշեց, որ Բուլղարիան ԵՄ խորհրդում նախագահության շրջանակում առաջնահերթ հարց է հռչակել արևմտյան Բալկանները, բայց միաժամանակ մեծ ուշադրություն է դարձնում «Արևելյան գործընկերություն» ծրագրին։ Բուլղարիան շահագրգռված է կովկասյան և սևծովյան տարածաշրջանի զարգացման հարցում։
Բացի այդ, նա հիշեցրեց, որ Բուլղարիայում հայ համայնքը ոչ միայն պահպանել է իր ինքնությունը, այլ նաև ակտիվորեն ներգրավված է մշակույթի, գիտության ոլորտներում։
«Դա կենդանի կամուրջ է մեր ժողովուրդների միջև, մենք պետք է ամրապնդենք այն», — ասաց Ռադևը։
Նա նաև հույս հայտնեց, որ Երևանում ստորագրված համաձայնությունները խթան կհանդիսանան երկկողմ զարգացման համար։
Բուլղարիայի նախագահի այցի շրջանակում կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2018-2020թթ. համագործակցության մասին» գործնական ծրագիրը:
Բուլղարիայի նախագահը փետրվարի 12-ին պետական այցով ժամանել է Հայաստան, այցը կտևի երկու օր։ Այցի շրջանակում նախագահի հետ հանդիպումից բացի նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի ԱԺ նախագահի և վարչապետի հետ։
Ռադևին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կընդունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Պետական այցի շրջանակում Ռադևը կայցելի Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Պեյո Յավորովի անվան №131 միջնակարգ դպրոց։
Վերջին անգամ Բուլղարիայի նախագահը Հայաստան է այցելել ավելի քան 13 տարի առաջ։ 2004թ-ին պաշտոնական այցով Հայաստան էր եկել Գեորգի Պրվանովը։