ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Բոլիվիայի կենդանաբանները գորտի հավզադեպ ցեղատեսակի արական սեռի ներկայացուցչի համար շտապ զուգընկերուհի են փնտրում։ Այս մասին տեղեկացնում է իսպանական El Periodico պարբերականը։
11-ամյա Ռոմեոյի համար արդեն քանի տարի է` չեն կարողանում համապատասխան ցեղատեսակի Ջուլիետ գտնել։
Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքի բնագիտությունների պատմության թանգարանում այդ տարեց գորտն արդեն մի քանի տարի է իր սրտի տիրուհուն է սպասում` տարեց տարի ավելի ու ավելի հուսալքվելով։
Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ թանգարանում դրամահավաք է կազմակերպվել, որպեսզի հարավային Անդերի անտառներում գիտնականները կարողանան Ռոմեոյի ցեղակիցներից գոնե մեկին գտնել`իգական սեռի ներկայացուցչի, այլապես նա կարող է վերջին մոհիկանը դառնալ, ինչպես գալապագոսյան հսկայական կրիան` Ջորջ անունով։ Կրիան սատկեց մենակության մեջ 2012 թվականին` 102 տարեկանում։
Գիտարշավին օգնելու համար Match ծանոթությունների կայքը Ռոմեոյի համար հատուկ էջ է բացել` սրտահույզ մակագրությամբ։
«Չեմ ցանկանում ձեզ բարձրագոչ արտահայտություններով ծանրաբեռնել, պարզապես ես իմ ցեղատեսակի վերջին հայտնի ներկայացուցիչն եմ։ Գիշերները մենակ եմ մնում։ Ինձ իմ ցեղատեսակի էգ գորտ է հարկավոր։ Եթե նա չգտնվի, արտասովոր ոչինչ չի լինի, պարզապես իմ ցեղատեսակը կվերանա»,- նշված է կայքում։