ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը պետք է փոխվի, քանի որ գործող օրենքը շոշափելի արդյունքներ չի տվել, վստահ է յոթ երեխաների հայր Արմեն Մարկոսյանը։
«Օրենքը պետք է աջակցի բազմազավակ ընտանիքներին նախագծեր, բիզնես-ծրագրեր մշակելու և աշխատանքի տեղավորվելու հարցում։ Փորձը ցույց է տվել, որ նպաստ տալը ոչ մի լավ բանի չի հանգեցրել», — լրագրողների հետ զրույցում ասաց Մարկոսյանը։
Նրան սատարում են «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանը և 14 երեխաների հայր Մարտիկ Մելքոնյանը։ Նրանք օրենքում փոփոխություններ են մշակել, որոնք արդեն առաջարկել և քննարկել են Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը։
Շտկումների հեղինակները Հայաստանի համար հեղափոխական փոփոխություններ են առաջարկում. մասնավորապես, փուլ առ փուլ չեղյալ հայտարարել նպաստներ տալը, իսկ այդ գումարով օգնել բազմազավակ ընտանիքներին իրագործել բիզնես-նախագծեր։
«Շատ շահավետ առաջարկ է։ Ես մշակել եմ մի քանի բիզնես-նախագծեր, բայց փող չկա դրանք սկսելու համար, իսկ ես չեմ կարող կախվածության մեջ ընկնել բանկից։ Ինքներդ եք հասկանում` ես 14 երեխաների հայր եմ», — ասաց Մարտիկ Մելքոնյանը։
Հայաստանի օրենքով` բազմազավակ են համարվում այն ընտանիքները, որոնք ունեն 4 և ավելի երեխաներ, Հայաստանում կան նման 7400 ընտանիքներ։ Նրանցից նպաստ է ստանում 6300-ը։ 4 երեխաներով ընտանիքներին ամսական տրամադրվում է 50 հազար դրամ նպաստ։
Եթե շտկումները հաստատվեն, և այլևս նպաստ չտրամադրվի, ապա կառավարությունը կտնտեսի մոտ 3 միլիարդ 750 միլիոն դրամ։ Ակտիվիստներն առաջարկում են այդ գումարներն ուղղել բազմազավակ ընտանիքների բիզնես-նախագծերի զարգացմանը, որոնք, նրանց կարծիքով, ավելի շատ օգուտ կտան, քան նպաստները։