ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Ռյազանում` բանալիների պատրաստման տաղավարում, բռնկած հրդեհի հետևանքով հայ տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է «Ռյազանսկայա գազետան»։
Նա երկու դուստր ուներ, շատ լավ մարդ էր, գրում է ya62.ru պորտալը` հղում անելով մահացածի ծանոթներին։
«Հայ է այրվել, շատ լավ մարդ։ Երկու դուստր ունի, որոնք իմ ամենամտերիմ ընկերուհիներն են։ Մեկը հղի է, նրանք շատ վատ են զգում։ Չեն կարողանում նայել այդ սարսափին», — սոցցանցերից մեկում գրել է Ռյազանի բնակիչը։
Հրդեհը բռնկել էր փետրվարի 7-ին։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ-ի մարտական հաշվարկներն ու մի քանի հրշեջներ։ Ռյազանի մարզի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վրանում տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Ներկա պահին պարզում են հրդեհի պատճառներն ու հաշվարկում վնասի չափը։