«Հայաստանն արդեն 13 տարի է՝ ԱՄՆ-ին առաջարկում է երկկողմ համաձայնագիր կնքել, որով հայ ձեռնարկատերերը, բիզնեսմենները կազատվեն Հայաստանում և միևնույն ժամանակ ԱՄՆ-ում հարկվելու պարտադրանքից: Այսինքն՝ կխուսափեն կրկնակի հարկումից: Հատկապես ԱՄՆ-ի հայ համայնքն այս ուղղությամբ ահռելի և շարունակական աշխատանք է իրականացրել, բայց մինչև վերջերս ԱՄՆ-ը նպատակահարմար չի գտել նման համաձայնագիր կյանքի կոչել Հայաստանի հետ: ԱՄՆ պաշտոնյաներն, իհարկե, գիտակցում են, թե իրենց տնտեսական առումով ինչ կարող է տալ այդ համաձայնագիրը, սակայն ԱՄՆ ֆինանսների նախարարի քարտուղարն ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ ասել էր՝ երբ ժամանակը գա, իրենք կդիտարկեն այդպիսի համաձայնագրի նպատակահարմարությունը: Այդ ժամանակը հասունացել է, և ես հուսով եմ, որ ԱՄՆ իրավասու կառույցները կուսումնասիրեն մեր առաջարկը և մոտ ապագայում պատասխան կտան»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ այժմ Հայաստանն ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերություններ է իրականացնում դեռևս ԽՍՀՄ տարիներին կնքած համաձայնագրի շրջանակում: Մինչդեռ Ռուսաստանը վաղուց է հրաժարվել դրանից և առանձին պայմանագրեր է կնքել: