ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Այս օրերին Երևանում է պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ, մի քանի վարկածով աշխարհի տիտղոսակիր և աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը: Բռնցքամարտիկին հայրենիք բերել է կարոտը: Վերջին շրջանում պրոֆեսիոնալ ռինգում Վիկ Դարչինյան անունը գրեթե բացակայում է: Բռնցքամարտիկն իր ծրագրերի մասին պատմել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը։
«2017 թվականի սկզբին արդեն ավարտել էի կարիերաս, չնայած այդ մասին չէի հայտարարել: Բայց Ռուսաստանից առաջարկ ստացա մենամարտել Եվգենի Գրադովիչի հետ, որն աշխարհի չեմպիոնի գոտի ունի:
Նրանց ասացի, որ ավարտել եմ կարիերաս, բայց եթե 20 օր ժամանակ տան, վերջնական կպատասխանեմ: Այդ ընթացքում մարզավիճակ ձեռք բերելու համար մի մենամարտ անցկացրի թաիլանդցի բռնցքամարտիկի հետ: Նրան շատ արագ հաղթեցի նոկաուտով: Չէի ասի` վատ բռնցքամարտիկ էր, ուներ և՛ հաղթանակներ, ՛ պարտություններ: Զգացի, որ պատրաստ եմ: Զանգեցի և ասացի, որ կմենամարտեմ Գրադովիչի հետ, կարող ենք օր նշանակել: Նախնական պայմանավորվեցինք մենամարտել սեպտեմբերի սկզբին:
Նրանք խնդրեցին մենամարտիս տեսագրությունն ուղարկել, որ սկսեն պայմանագիրը պատրաստել: Այն նայելուց հետո հետ կանգնեցին: Նրանք մտածում էին, որ տարիքով եմ, չեմ կարող պայքարել: Բայց տեսագրությունից հետո հասկացան, որ ես միայն հաղթանակի համար եմ մենամարտելու: Կարծում եմ՝ վախեցան գոտին կորցնել: Գրադովիչը նույնպես տարիքով է, այդ դեպքից հետո նա ավարտեց կարիերան:
Վաղուց էի ցանկանում նրա հետ մենամարտել, և գոտու համար պայքարը ինձ ստիպեց կրկին ռինգ մտնել: Երկար ժամանակ Գրադովիչը հրաժարվում էր ինձ հետ մենամարտել: Դրա համար երբ առաջարկ ստացա սկսեցի մտածել այդ ուղղությամբ: Այս պահին էլ, եթե նա ցանկանա՝ ես կհամաձայնեմ:
Պատրաստ եմ մենամարտել միայն չեմպիոնական գոտու համար: Մինչ այս տարվա կեսը կսպասեմ, եթե լավ առաջարկ չեղավ, բռնցքամարտիկի կարիերաս կավարտեմ»,- ասաց Վիկ Դարչինյանը:
Թե ինչով կզբաղվի մարզիկի կարիերայի ավարտից հետո, Դարչինյանը դեռ չի որոշել: Ասում է` առաջարկներ շատ կան, պետք է մտածել:
Նա ասել է, որ ուզում է օգնել բռնցքամարտիկներին: Այս պահին Ավստրալիայում մարզում է երկու հայ բռնցքամարտիկի, որոնք Չեխիայից են: Դարչինյանը հայտնել է, որ ուզում է ակումբ հիմնել ԱՄՆ-ում: