ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Այնտեղ, որտեղ պետք է կատարվի շրջանցում, ճանապարհային նշանը դնելիս հաշվի է առնվում, թե տվյալ տեղում իշխող կուսակցության ներկայացուցիչները բենզալցակայաններ ու խանութներ ունեն, թե ոչ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Նման նշաններ դրվում են հատկապես այդպիսի տեղերում, որպեսզի մեքենաները կարողանան շրջանցել ու կանգնել ուղիղ այն խանութի մոտ, որը պատկանում է կլանի այս կամ այն ներկայացուցչին»,- ասաց նա։
Նրան աջակցեց խմբակցության գործընկեր, փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։
«Պետք է հասկանալ, թե կարո՞ղ են արդյոք տրանսպորտի նախարարությունը կամ Ճանապարհային ոստիկանությունը տեղադրել այդ նշանները որտեղ ցանկանում են, թե՞ կան ինչ-որ կանոններ», — ասաց նա։
Դրան ի պատասխան տրանսպորտի առաջին փոխնախարար Գագիկ Գրիգորյանը նշեց, որ կոնվենցիան, առաջին հերթին պահանջում է ճանապարհային նշանների համակարգի արդիականացում։ Օրենսդրությունը հստակ նշում է, թե որտեղ պետք է լինի նշանը և ինչպես: Դա կատարվում է առնվազն 2 գերատեսչության և ՏԻՄ-ի հետ համատեղ: Սակայն նա չբացառեց, որ այդ գերատեսչությունները կարող են պայմանավորվել և դնել այս կամ այն նշանը:
Գրիգորյանի խոսքով` տրանսպորտի նախարարությունը մշտապես հետևում է նման խնդիրներին և լուծում դրանք։