ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ստամբուլի «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մոտ է Ղազախստան տեղափոխվելուն։ Ինչպես հաղորդում է Milliyet-ը, «Կուբանի» և «Սպարտակի» 27-ամյա նախկին խաղացողով հետաքրքրված է «Ակտոբեն»։ Կիսապաշտպանն արդեն բժշկական զննում է անցել, իսկ առաջիկայում կարող է ստորագրել պայմանագիրը, գրում է Մատչ ՏՎ-ն։
Օզբիլիսի հետևից «Ակտոբե» կարող է տեղափոխվել նաև Մարկոս Պիզելին, թեև նրա տեղափոխման ժամկետը դեռ պարզ չէ, նշում է Vesti.kz-ը։ Պիզելին օրերս լքել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբը»։ 33-ամյա կիսապաշտպանն արդեն հանդես է եկել «Ակտոբեի» կազմում 2014-ին և 2015-ին` 13 գոլ խփելով Ղազախստանի առաջնության խաղերում։
Նախօրեին հայտնի է դարձել, որ «Բեշիկթաշը» Օզբիլիսին և ուկրաինացի դարպասապահ Դենիս Բոյկոյին դուրս է թողել խաղաշրջանի մյուս խաղերից։ Թուրքիայի առաջնության այս խաղաշրջանում Բոյկոն և Օզբիլիսը դաշտ դուրս չեն եկել։
Անցած տարվա վերջից լուրեր են պտտվում, որ «Բեշիկթաշը» ծրագրում է հրաժարվել Օզբիլիսի ծառայություններից։ Դեռ դեկտեմբերի 21-ին հայտնի էր դարձել, որ հայ կիսապաշտպանը կլքի «Բեշիկթաշը»։
Ղազախական ակումբը մտադիր է ձեռք բերել նաև Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանին, որը հանդես է գալիս ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում»։ Ինչպես նշված է Վկոնտակտե սոցցանցի «Ակտոբե» ակումբի էջում, Մովսիսյանը կարող է վարձակալության հիմունքներով տեղափոխվել ղազախական «Ակտոբե»։