ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. «Եվրատեսիլ» մրցույթի ամենագեղեցիկ մասնակիցներից մեկը` երկարոտն Իվետա Մուկուչյանը, ֆլեշմոբ է նախաձեռնել։
Երգչուհու և հայկական երաժշտության երկրպագուներից շատերը հետևել են Իվետայի օրինակին և երգել երգչուհու «Սիրահարվել եմ քեզ» նոր ստեղծագործությունը։
Ֆլեշմոբի մասնակիցների շարքում կարելի է տեսնել Հարվարդի ուսանող, Հայաստանում սիրված Մայքլ Հեին։ Մուկուչյանի Instagram-ի էջում կարելի էր տեսնել, թե ինչպես են երիտասարդն ու երգչուհու երկրպագուներից շատերը երգում «Սիրահարվել եմ քեզ» ստեղծագործությունը։

Թերևս հայուհու երկրպագուներից բացի եղել են մարդիկ, որոնք ամաչում են սեր խոստովանել և որոշել են մասնակցել այս ֆլեշմոբին` ամբողջ աշխարհին իրենց զգացմունքների մասին պատմելու համար։
Իվետա Մուկուչյանն իր նոր երգը ներկայացրել է մի քանի օր առաջ։ Երգը կոչվում է «Սիրահարվել եմ քեզ»։
Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը։ Երգի երաժշտության հեղինակն Իվետան է, իսկ տեքստի հեղինակը` հայտնի շոումեն և հաղորդավար Ավետ Բարսեղյանը, որը պարբերաբար տեքստեր է գրում հայտնի հայ երգիչների համար։
Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986թ-ին Երևանում։ Ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա և այնտեղ ապրել 1992-2009թթ-ին։ Ավելի ուշ վերադարձել է հայրենիք, և այդ վերադարձը հաղթական է դարձել երիտասարդ երգչուհու համար։
Իվետան Հայաստանն է ներկայացրել «Եվրատեսիլ 2016» մրցույթում և զբաղեցրել 7-րդ տեղը, բայց դա չի խանգարել նրան գերել եվրոպացի հանդիսատեսին։ Wiwibloggs միջազգային կայքի տվյալներով, որը նվիրված է «Եվրատեսիլ» երգի մրցույթին, Իվետա Մուկուչյանը ճանաչվել է «Եվրատեսիլ 2016»-ի ամենագեղեցիկ մասնակիցը։