ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Հայկական արմատներով անվանի երգչուհի Իրինա Ալեգրովան չորս անգամ ամուսնացել է, և յուրաքանչյուր ամուսնությունն իր յուրահատուկ պատմությունն ունի, գրում է «Հինգերորդ ալիքը»։
Այսօր 66 տարեկան Ալեգրովան հազվադեպ է ելույթ ունենում, իսկ «պատվերով» ելույթների համար 4 միլիոն ռուբլի հոնորար է սահմանում։ Ալեգրովայի դուստրը` Լալան, նրա տնօրենն է, վարում է բոլոր գործերը։ Իսկ թոռը` Սաշան, սովորում է, շուտով դիվանագետ կդառնա։
Իրինան Հինգերորդ ալիքի «Իմ ճշմարտությունը» հաղորդման ընթացքում պատմել է, թե ինչպես է առաջին անգամ սիրահարվել հարևանի տղային։
«Եթե ես սիրահարվում եմ, ուրեմն մինչև ականջներիս ծայրն եմ սիրահարվում։ Սիրահարվող կին եմ` վարդագույն ակնոցով», — խոստովանել է երգչուհին։
Ժամանակին նա հուսահատ քայլի է դիմել և ամուսնացել բաքվեցի Ալեն Դելոնի` բասկետբոլիստ Գեորգի Թաիրովի հետ։ Ի հեճուկս հարևանի տղայի, որը պատրաստվել է ամուսնանալ մեկ ուրիշ աղջկա հետ։ Մարզիկը մինչև ականջների ծայրը սիրահարված է եղել ռուսական էստրադայի աստղին, բայց Ալեգրովան ասում է, որ իրենք շատ տարբեր են եղել։
«Շատ տարբեր մարդիկ էինք։ Բայց ինձ համոզելն անհնար է։ Ես միշտ կարծել եմ, որ ինքս պետք է սխալվեմ», — ծնողների կամքին հակառակ շուտափույթ ամուսնանալն այսպես է բացատրել երգչուհին։ Թաիրովից էլ ծնվել է նրա դուստրը` Լալան։
Սակայն Ալեգրովան այդպես էլ չի կարողացել սիրել ամուսնուն և ամուսնալուծվել է։ Երգչուհու աղջկան դաստիարակել է պապիկը, քանի որ Իրինան Բաքվից մեկնել է Մոսկվա` Ռուսաստանի մայրաքաղաքը նվաճելու։
«Պատանի հասակից հավակնոտ մարդ եմ եղել, ես ուզում էի առաջ գնալ և նվաճել», — ասել է երգչուհին։
Նա երգել է Մոսկվայի ռեստորաններում, ավելի ուշ կարողացել է Մոսկվա տեղափոխել ծնողներին և աղջկան։ «Երիտասարդ ձայներ» համույթի ղեկավար Վլադիմիր Բլեխերը լսումների ժամանակ տեսել է Իրինային և սիրահարվել։ Նա համաձայնել է ամուսնանալ, ամուսինները երկար ժամանակ փող չեն ունեցել։ Երգչուհին պատմել է, որ գիշերները կանգնել է գազօջախի մոտ։
«Ես գիշերները պատվերով տորթեր էի թխում, որոնք շատ գեղեցիկ էին։ Այդ ժամանակ ծնվեց սեփական հրուշակարանը բացելու երազանքը», — նշել է Ալեգրովան։ Բայց այդ ամուսնությունն ավարտվել է Բլեխերի ձերբակալությամբ. նրան մեղադրել են փոխային խարդախությունների մեջ։
Դրանից հետո Ալեգրովան պետք է կարևոր որոշում կայացներ` կա՛մ գիշերները տորթ թխեր, օգներ դատապարտյալ ամուսնուն, կա՛մ դառնար խորհրդային էստրադայի աստղ։ Երգչուհին որոշում է բաժանվել ամուսնուց։
Երգչուհու երրորդ ամուսինն է դարձել պրոդյուսեր Վլադիմիր Դուբովիցկին, որը նրան առաջարկել է դառնալ ոչ միայն «Մոսկվայի կրակներ» համույթի մենակատարը, այլ նաև իր կինը։ Այդ ժամանակ համեստ թխահերը վերածվել է կրակոտ շիկահերի. այդպես է ուզել պրոդյուսեր ամուսինը։

Ամբողջ երկիրը սիրել է հանդուգն շիկահեր Ալեգրովային։ Երգչուհին ցանկացել է մեներգչուհու կարիերա ունենալ, իսկ ամուսինը նրան տեսել է խմբում։ Այդ ժամանակ համարձակ կինը դեմ է գնացել ամուսնու կամքին և ամուսնալուծվել։
«Մտերիմների համար մեր ամուսնալուծությունն անսպասելի էր։ Կարծում եմ, որ ես լավ կին կդառնայի»,- նշել է երգչուհին։
Ալեգրովան սկսել է առանձին ելույթ ունենալ, երգել է «Օտարականը», «Լուսանկար», «Խաղալիք» հիթերը։ Այդ ժամանակ նա հավաքել է իր բալետային խումբը, որում պարել է Ալեգրովայի ապագա ամուսինը` Իգոր Կապուստան։ Նա 8 տարով երիտասարդ է եղել երգչուհուց։
Իրինան սիրելիին «գողացել» է քաղաքացիական կնոջից։ 1994թ-ին նրանք ամուսնացել են, միասին ապրել վեց տարի, բայց հաճախակի դարձած վեճերի պատճառով ընտանիքը քանդվել է։ Ավելի ուշ պարզվել է, որ նա դավաճանել է Ալեգրովային։ Իսկ երգչուհին պատմել է, որ Կապուստան վեց տարի նստել է իր վզին։

Ամուսնալուծությունից հետո Ալեգրովայի մոտ նյարդային խանգարում է եղել։ Վերականգնվելուց հետո հարաբերություններ է սկսել Ալեքսեյ Գարնիզովի հետ, քանի որ երիտասարդ պարողից հետո ցանկացել է հասուն տղամարդու կողքին լինել։
Բայց այդ հարաբերություններն էլ երջանկություն չեն բերել երգչուհուն, նա ալկոհոլային կախվածության մեջ է ընկել։ Այդ ժամանակ նրան փրկել է դուստրը` խզելով բոլոր կապերը Գարնիզովի հետ։ Այսօր Ալեգրովան ազատ և երջանիկ կին է։ Ինչպես պնդում է երգչուհին, ունի այն ամենը, ինչի մասին երազել է։