ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Մոսվայից Երևան և հակառակ ուղղությամբ մի քանի չվերթեր չեղյալ են հայտարարվել Ռուսաստանի մայրաքաղաքում բարդ եղանակային պայմանների պատճառով։
Փետրվարի 5-ի առավոտյան չի կայացել Աերոֆլոտի SU 1858 չվերթը «Շերեմետևո» օդանավակայանից «Զվարթնոց»։ Այդ ինքնաթիռը պետք է վերադառնար Մոսկվա արդեն SU 1859 չվերթով։
Եվս մի չվերթ չեղյալ հայտարարելու մասին (S7 909) նշվել է S7 Airlines ավիաընկերության կայքում։ Ինչպես «Աերոֆլոտի» դեպքում, այն պետք է հետ թռչեր, բայց տվյալ դեպքու խոսքը վերաբերում է «Դոմոդեդովո» օդանավակայանին։
«Աերոֆլոտի» տվյալներով` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փետրվարի 5-ին չեղյալ են հայտարարվել 22 չվերթ։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Պյոտր Բիրյուկովն ասել է լրագրողներին, որ անցած հանգստյան օրերին Մոսկվայում տեղացած ձյան քանակը ռեկորդային է եղել 100 տարվա ընթացքում։
Ռուսաստանի հիդրոմետկենտրոնում հաղորդել են, որ երկուշաբթի առավոտվա տվյալներով` մայրաքաղաքում 48 մմ հաստությամբ ձյուն է եկել։