ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Առաջնագծում զինվորների գործառույթները հնարավոր կլինի փոխարինել տեխնիկական սարքավորումներով: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (UITE) Կարեն Վարդանյանը:
«Մենք 2011 թվականից փորձում էինք այդ անել, բայց չստացվեց, որովհետև բանակի ղեկավարությունը թույլ չտվեց: 2016 թվականին ինժեներների հասարակական մոբիլիզացիա հայտարարեցինք: Այդ ժամանակից ի վեր մենք աշխատում ենք։ Մոբիլիզացիայից հետո մենք կարողացանք մարդկանց ընդամենը փոքր խմբի օգտագործել (ՊՆ-ի պատվերներից ելնելով): Բայց բավականին լուրջ լուծումներ գտնվեցին, և այսօր արդեն քննարկվում է դրանք ավելի համատարած դարձնելու հարցը», — ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով` ավանդական պատերազմը վերածվում է «էլեկտրոնային» պատերազմի: Նույնիսկ Սիրիայում, նրա խոսքով, նկուղում պատրաստած ինքնաշեն անօդաչու թռչող սարքեր կիրառվեցին Ռուսաստանի դեմ:
«Զենքը, պատերազմը դառնում են տեխնոլոգիական: Մենք 16 հազար մարդ ունենք, որոնք աշխատում են ՏՏ ոլորտում, և հիմա պետք է կարողանանք օգտագործել այդ մարդկանց ներուժը», — ասաց Վարդանյանը:
Փորձագետն իր դիրքորոշումն այսպես է հիմնավորում. զինվորին հագցնելու, կերակրելու, առաջնագծում նրան փոխարինելու համար մեծ գումարներ են ծախսվում: Դրանք կարելի է ուղղել տեխնիկական վերազինմանը, ինչը թույլ կտա սահմանները զինել տարբեր տեսակի ավտոմատ սարքերով, իսկ զինվորներին կարելի է հետ քաշել և դարձնել լեռնահրաձիգներ:
Նրա կարծիքով` եթե անհրաժեշտություն լինի, այդ զինվորը կարող է և՛ պաշտպանվել, և՛ հարձակվել, և՛ գրավել: Խրամատում նստած զինվորը գրեթե ոչինչ չի սովորում, և նրա կարողությունները թուլանում են: Իսկ բանակին պետք է, որ զինվորն ավելի ճկուն լինի:
Վարդանյանը կարծում է, որ բանակը պետք է կոնցեպտուալ փոփոխության ենթարկվի. ժամանակի պահանջն է: Բնակչությունը պակասում է, և «գումար աշխատողները» երկրի սահմաններն այլևս չեն կարող պահել հին սխեմայով։
«Հուսով ենք, որ տեխնոլոգիական լուծումների զանգվածային կիրառման հարցում մոտեցումը կփոխվի մոտ ապագայում: Մենք արդեն նախատիպեր ունենք, հիմա պետք է որոշվի` դրանք գնում են զորքեր, թե ոչ։ Եթե չեն գնում, և օգտագործվում է այլ երկրների ավելի վատ արտադրանքը, ապա մենք այդ մասին անպայման կբարձրաձայնենք», — ասաց Վարդանյանը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մի քանի ուղղությամբ է աշխատում, մասնավորապես` գաղտնագրած կապի ապակոդավորում, թշնամու ԱԹՍ-ների հայտնաբերում, հեռակառավարվող հարձակողական միջոցների, հետախուզական գործիքների, բանակի կառավարման համակարգի մշակում:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նույնպես կարծում է, որ առաջնագծի հետ կապված մի քանի կարևոր հարցեր կան, որոնք լուծում են պահանջում: Տեխնիկական ապահովումը դրանցից մեկն է:
Նրա խոսքով` ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը տեխնոլոգիական առումով ավելի պատրաստ էր մարտական գործողություններին: Այն փոփոխությունները, որոնք սահմանին իրականացվեցին իրավիճակի սրացումից հետո, ակնհայտ էր, որ կարելի էր անել ավելի վաղ:
Մյուս կողմից, նրա կարծիքով, առաջնային այլ հարց կա: Այսօր Հայաստանը կարող է սահմանի պաշտպանությունն ապահովել պրոֆեսիոնալներով, դրա համար առաջնագծում պետք է փոխարինել երիտասարդ զինվորներին:
«Բանակում պայմանագրային զինծառայողների որոշակի տոկոս կա: Ճիշտ կլիներ, որ սահմանին կանգնած լինեին հենց նրանք, դա հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ նաև բնակչության վրա», — ասաց Բոզոյանը:
Նա կարծում է, որ Հայաստանից արտագաղթելը մասամբ պայմանավորված է առաջնագծում ծառայող երեխաների անվտանգությունն ապահովելու խնդրով: Այդպիսով կլուծվի արտագաղթին նպաստող բացասական գործոններից մեկը:
Քաղաքագետը կարծում է, որ դեռ ընտանիք չկազմած երիտասարդ զինվորների ողբերգական մահը հոգեբանորեն երկակի-եռակի անգամ ավելի ուժեղ է ազդում հասարակության վրա:
«Նրանք ընտանիք չեն կազմում, սերունդ չեն տալիս: Թող ցինիկաբար չհնչի, բայց այն մարդկանց կորուստը, որոնք ընտանիք են կազմել և հասցրել են երեխա ունենալ (իհարկե, ցանկացած մահ վատ է), ազգի վերարտադրման իմաստով այդքան մեծ կորուստ չի լինում, որքան երիտասարդի մահը», — ասաց Բոզոյանը:
Ինչ վերաբերում է մարդկային գործոնը խրամատներում նվազագույնի հասցնելուն, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանն այսօր դեռ պատրաստ չէ այդ խնդրի ամբողջական լուծմանը:
Բոզոյանի խոսքով`Հայաստանը պետք է ամեն ինչ անի մարդկային կապիտալն օգտագործելու համար: Սա վերացական հասկացողություն չէ. Հայաստանը պետք է իր տեխնոլոգիական զարգացման առումով առաջ անցնի և Ադրբեջանից միշտ մեկ քայլ առաջ լինի: