ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հիմնական «մեղավորն» է եղել, որ Պիեր Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվի «Արսենալ»։ Ֆուտբոլիստն այս մասին պատմել է Arsenal Player-ին։
Նա ասել է, որ «Արսենալ» տեղափոխվելուց առաջ Հենրիխ Մխիթարյանը զանգել է, հետաքրքրվել, թե չի ուզու՞մ արդյոք տեղափոխվել «զինագործների» մոտ։ Օբամեյանգն էլ իր հերթին փորձել է ընկերոջից իմանալ` իսկ նա պատրաստվում է «Արսենալի» հետ պայմանագիր կնքել, թե ոչ։
«Ես իսկապես երջանիկ եմ, որ նորից նույն թիմում եմ խաղում Միկիի հետ։ Նա ասես իմ եղբայրը լինի։ Լավ ընկեր է։ Մենք նախկինում միասին ենք խաղացել, և ուրախ եմ, որ կրկին տեսնում եմ նրան»,- ասել է Օբամեյանգի։
Ֆուտբոլիստն ավելացրել է, որ ինքն ու Մխիթարյանն իրար հասկանում են ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս, ինչը թեթևացնում է խաղը։
Մխիթարյանն ու Օբամեյանգը միասին խաղացել են «Բորուսիայում»։