ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը սրտի նոպայով տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոց։ Այդ մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։
Նա անգիտակից վիճակում է։ Նշվում է, որ դերասանին «շտապօգնության» մեքենայով հիվանդանոց են տեղափոխել, երբ նա դիտել է հեռուստահաղորդման թողարկումը նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ։
Բժիշկների կարծիքով` Ջիգարխանյանի սրտի նոպայի պատճառն այն է, որ նա լիովին չի բուժել թոքաբորբը, և վիճակը բարդացել է։
Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։