ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ադրբեջանն ուզում են էժան գնով լարվածություն պահել շփման գծում և միևնույն ժամանակ շատ գումար չծախսել ռազմամթերքի համար, այսօր` հունվարի 26-ին, լրագրողներին ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հաղորդել է արցախյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից երկու անօդաչու թռչող սարքեր կիրառելու մասին, որոնք ական և ինքնաշեն ռումբ են նետել հայկական դիրքերի վրա։ Հարձակման արդյունքում ոչ ոք չէր տուժել։
«Պատերազմը ռեսուրսների դիմակայություն է, և միշտ որոշում ընդունելիս պետք է գնահատես քո գործողությունների արդյունավետությունն ու դրա գինը։ Նրանք ավելի թանկարժեք տեխնիկա ունեն. խոսքը իսրայելական հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին է, բայց չեն օգտագործում», — ասաց Հարությունյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նրա խոսքով` Ադրբեջանն ուզում է շփման գծում լարվածությունը պահել «ցածր գնով»։ Այդ պատճառով էլ կիրառվում են բաժակին ամրացված նռնակները, որոնք իրենց հերթին ամրացնում են էժանագին հասարակ ԱԹՍ-ներին և նետում հայկական դիրքերի ուղղությամբ։
«Շատ պարզունակ է։ Բայց իմաստը լարվածության մեջ պահելն է։ Իսկ եթե թանկարժեք միջոցներ կիրառվեն, դրանք կարող են խոցվել, այդպես թանկ կնստի», — ասաց Հարությունյանը։
Ինչ վերաբերում է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման վերջին փորձին, ապա դա կարող էր պատասխան լինել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԵԽԽՎ-ում հնչեցրած ելույթին, կարծում է պաշտպանության նախկին նախարարը։
Մյուս կողմից` վերջին տարվա ընթացքում Ադրբեջանը խուսափում էր նման փորձերից։ Պատճառը, Հարությունյանի խոսքով, առաջնագծի լուրջ վերազինումն է։
«Ադրբեջանը գիտակցում է, որ չի կարող հաղթել լայնածավալ պատերազմում, բայց լարվածությունը թուլացնել չի ուզում։ Հենց այդ պատճառով էլ չի համաձայնել, որ Արցախում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդրվեն», — ասաց Հարությունյանը։
Բաքուն հույս ունի, որ մշտական լարվածությունը կքայքայի հայկական բանակն ու հասարակությունը, և այդ պայմաններում իշխանության վրա լուրջ ճնշում կգործադրվի Արցախում զիջումների գնալու հարցում։
Հունվարի 25-ին Ստեփանակերտը հայտնել է նաև Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն-հետախուզական անհաջող փորձի մասին։