ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. «Սարսափելի կենդանի» Միրոնը հարձակվել է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի վրա։ «Սարսափելի հարձակման» տեսանյութը մարզիկը հրապարակել է Instagram-ի իր էջում։
«Գեղեցիկ Միրոնը` առյուծի տեսքով», — տեսանյութը մակագրել է Հարությունյանը։
Փոքրիկ Միրոնը փորձում է առյուծի պես մռնչալ, և բոլորն ուրախանում են նրա ճիչերից։ Տեսանյութում ջերմ ու ընտանեկան մթնոլորտ է տիրում։
Տեսանյութում երևացող աղջիկը հավանաբար մարզիկի կնոջ` Մակտինայի քույրն է` Սաբինա Բեբիան, քանի որ մարզիկը գրառման մեջ հենց նրա սոցցանցի էջն է նշել։
Ռիոյում Օլիմպիական խաղերի ու Եվրոպական խաղերի արծաթե մրցանակակիր Միհրան Հարությունյանի ու երգչուհի Մակտինա Բեբիայի հարսանիքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին Մոսկվայում: Հարությունյանը վերջերս կատարելագործում է հայերենը և պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնցում հայերեն է խոսում:
Հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հիրավի ժողովրդական չեմպիոն դարձավ, երբ Ռիոյի օլիմպիադայում անարդար մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։ Նշենք, որ այդ ժամանակ Միհրանը ելույթ էր ունենում ուսի վնասվածքով։