ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Քննությունը պարզել է, թե կազակների նախկին ատաման Ալեքսանդր Սիտավիչուսն ինչու է երկու հայի սպանել Կրասնոդարի երկրամասի Ուստ Լաբինյան շրջանում. նա պարզապես ցանկացել է լիցքաթափվել։ Սիտավիչուսը համապատասխան խոստովանություն է արել ոստիկանության շրջանային բաժնի պետի հետ զրույցում։ Այս մասին հայտնում է Ridus-ը` հղում անելով «Առաջին ռուսական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպության մամուլի քարտուղարին։
Հունվարի 19-ին տեղի Լադոժյան ավանի Մշակույթի տանը տեղի է ունեցել քաղաքացիների հավաք, որի ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բացահայտել են աղմկահարույց սպանության մանրամասները։
Աղբյուրի խոսքով` սպանությունից առաջ նախկին ատաման Ալեքսանդր Սիտավիչուսը և նրա ընկեր Ալեքսեյ Միրոնովը ոգելից խմիչք են ըմպել «Օգոնյոկ» սրճարանում, որտեղ վիճաբանություն է ծագել նրանց և գնչուների միջև։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ծեծված Ալեքսանդր Սիտավիչուսը և Ալեքսեյ Միրոնովը հեռացել են տաքսիով` խոստանալով վերադառնալ։
Մեկ ժամ անց նրանք վերադարձել են սրճարան, նախկին ատամանի ձեռքին հրացան է եղել։
Ալեքսանդր Սիտավիչուսը կրակ է բացել և սպանել երեք հոգու` Արտեմ Արթուրի Միրզոյանին (1993թ. ծնվ., նախկինում դատված), Ռոման Հրաչիկի Սիրակոսյանին (1986թ. ծնվ., հաստատության դիջեյը), սրճարանից դուրս գալիս էլ` մեքենայում նստած 18-ամյա Նիկոլայ Իվանի Կուզմենկոյին (1999թ. ծնվ.)։
Մահացածները վերոնշյալ վիճաբանությանը չեն մասնակցել։