ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Արցախի հակամարտության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների արդյունքները Բաքվում ընկալվել են որպես հետ նահանջ, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հունվարի 18-ին Կրակովում համանախագահների միջնորդությամբ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են տվել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ վերանայված փաստաթղթին։
«Իմ կարծիքով` Նալբանդյան–Մամեդյարով հանդիպման արդյունքներն Ադրբեջանում գնահատվել են որպես իրենց կողմից արված հետքայլ, զիջում հայկական կողմին։ Չէ՞ որ, փաստորեն, պայմանավորվել են շփման գծում հսկողությունն ուժեղացնել, իսկ դա ցավալի թեմա է Բաքվի համար», – ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` այդ հարցի շուրջ արդեն երրորդ տարին ընթանում են բանավեճեր. սկզբից Ադրբեջանը համաձայնում է, հետո` խախտում։
Հակոբյանը կարծում է, որ անօդաչու թռչող սարքերից Ադրբեջանի հարվածները խոսում են այն մասին, որ Բաքուն ցանկանում է Արցախի իրավիճակը տեղափոխել տեխնոլոգիաների հակազդեցության ոլորտ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ–ը հաղորդել է արցախյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից երկու անօդաչու թռչող սարքեր կիրառելու մասին, որոնք ական և ինքնաշեն ռումբ են նետել հայկական դիրքերի վրա։ Հարձակման արդյունքում ոչ ոք չէր տուժել։
«Անօդաչու թռչող սարքերի ընտրությունը` որպես զենք, պատահական չէ։ Բաքուն փորձում է ցույց տալ, որ այդ ոլորտում նա առավելություն ունի, ամեն դեպքում նրանք այդպես են կարծում», – ասաց Հակոբյանը։
Նա կարծում է, որ հերթական անգամ Ադրբեջանն ակնարկում է, որ ներկա ստատուս քվոն վերջնական չէ, անհրաժեշտության դեպքում նա կարող է օգտագործել իր տեխնոլոգիական առավելությունը։
«Նրանց դիրքորոշումն այն է, որ ստատուս քվոն ժամանակավոր երևույթ է, և քաղաքական իրավիճակը փոխելու դեպքում նրանք կարող են փոխել այն», – ասաց Հակոբյանը։
Իր հերթին, Երվանդ Բոզոյանը կարծում է, որ 2014թ–ի ամռանից սկսած Ադրբեջանը «հյուծիչ հիբրիդային պատերազմ» է սկսել։
«Այդ գործընթացն ընթանում է` անկախ բանակցությունների ընթացքից։ Հաճախ Բաքուն նման գործողություններով ցույց է տալիս, որ դժգոհ է բանակցային գործընթացից։ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հիշեցնել համանախագահներին, որ ներկա ստատուս քվոն չի կարող պահպանվել, և Բաքուն թույլ չի տա դա», – ասաց Բոզոյանը։
Նրա կարծիքով` Ադրբեջանը ցույց է տալիս, որ եթե համանախագահներն արդյունավետ քայլեր չձեռնարկեն բանակցություններն ավարտելու համար, կարող է նոր պատերազմ ծագել, ինչը, հաստատ, նրանց շահերից չի բխում։
Այդ քայլերը հասկանալի և տրամաբանական են Ադրբեջանի շահերի տեսանկյունից։ Բոզոյանը չի կարծում է, որ բանակցությունների առկայությունը կամ բացակայությունն արմատապես կազդի Բաքվի քաղաքականության վրա։
Մյուս կողմից, քաղաքագետն անիմաստ չի համարում ԱԳՆ ղեկավարների և նախագահների հանդիպումները։
«Եթե դրանք դադարեն, պատերազմի վերսկսման վտանգը զգալիորեն կաճի։ Հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ խնդրի, իսկ դա չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ համանախագահների շահերից», – ասաց Բոզոյանը։
Նրա խոսքով` այդ բանակցությունները, թեկուզ մասամբ, հանում են լարվածությունը շփման գծում։ Տեղի ունեցող միջադեպերը կարող էին տասն անգամ ավելի ծավալուն լինել առանց բանակցային գործընթացի։