ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Եզդիները հայ ժողովրդին ու Հայաստանին երախտապարտ են ոչ միայն Ցեղասպանությունը ճանաչելու, այլև մեր երկրում առանց ճնշումների ապրելու համար։ Այս մասին ասաց Արարատի մարզի եզդիների համայնքի ղեկավար Քյարամ Սլոյանը։
Հայաստանի խորհրդարանը հունվարի 16-ին ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։
2014թ.-ի օգոստոսի 3-ին Իրաքի Սինջար քաղաքի վրա հարձակումներ էին իրականացվել, որոնց զոհ էին դարձել շուրջ 800 եզդի, ևս 5000 կանանց ու աղջիկների առևանգել և ստրկության ու սեռական շահագործման էին ենթարկել
Օրինագծի հեղինակների նշած այս հանցագործությունները համապատասխանում են «ցեղասպանություն» եզրույթին և համադրելի են այն հանցագործություններին, որոնք 1915 թվականին իրականացվեցին հայ ժողովրդի նկատմամբ։
«Մենք հայերի նման սփռված ենք ամբողջ աշխարհով։ Սակայն մեզ առավել հարմարավետ ենք զգում Հայաստանում։ Մեզ այստեղ երբեք չեն ճնշել։ Եզդիները հայերի հետ կողք կողքի ապրում են, աշխատում ու սովորում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սլոյանը։
Եթե երկրում աշխատանք չկա, ապա չկա բոլորի համար, այլ ոչ թե միայն եզդիների, հանդուրժողականության օրինակ է բերում Սլոյանը։ Աշխատանքի տեղավորման հարցն իսկապես ցավոտ թեմա է Հայաստանի համար, այդ պատճառով երիտասարդությունը հարմար առիթի դեպքում գերադասում է աշխատանք փնտրել արտերկրում։ Նրանք, ովքեր մնում են, հիմնականում ներգրավված են առևտրի ոլորտում։
«Մենք որևէ այլ ժողովրդի հետ այս աստիճան մտերիմ չենք։ Մեզ ոչ միայն արտաքին նմանություններն ու մտածելակերպն է միավորում, այլև պատմությունը», — ասաց Սլոյանը։
Սլոյանը ծնվել ու մեծացել է Հայաստանում։ Նա Վանի եզդիների սերունդներից է, որոնք փրկվել են Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանությունից։
Ավելի քան մեկ դար է` եզդիներն ապրում են Հայաստանում։ Ոմանք տեղափոխվել են 1894-1896 թվականներին Թուրքիայում իրականացված ջարդերի ժամանակ, մյուսները հայերի հետ գաղթել են 1915 թվականին։
Այսօր Հայաստանում ապրող եզդիների թիվը հասնում է 35000-ի։ Մոսկվաբնակ հայտնի գործարար Միրզա Սլոյանի աջակցությամբ հայկական Ակնալիճ գյուղում կառուցվում է Quba Mere Diwane վանքը։