ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի»` Ալեքսիս Սանչեսի վերաբերյալ գործարքը Հենրիխ Մխիթարյանի ձեռքում է։ The Times պարբերականին այս մասին ասել է հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան։
««Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքսիս Սանչեսին ձեռք կբերի այն ժամանակ, երբ Հենրիխ Մխիթարյանը համաձայնի տեղափոխվել «Արսենալ»: Հենրիխը դեռ որոշում չի կայացրել»,- ասել է Ռայոլան:
Գործակալի խոսքով` Հենրիխը կընտրի այն տարբերակը, որը լավագույնն է իր համար: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրն ավարտվում է 2.5 տարուց:
«Նա անձամբ պետք է որոշում կայացնի: Ալեքսիս Սանչեսը կլինի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գործարքի մի մասը: Այլ տարբերակ չկա»,- ասել է Ռայոլան։
Մամուլում երկար ժամանակ լուրեր են պտտվում, որ Հենրիխ Մխիթարյանը շատ շուտով կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Առավել հավանական է, որ կիսապաշտպանին կվարձակալի Միլանի «Ինտերը»։ Բացի այդ, ԶԼՄ-ները քննարկում են Հայաստանի հավաքականի ավագի անցումը «Արսենալ»։
Իտալական Corriere dello Sport պարբերականն իր հերթին հայտնել է, որ Մխիթարյանը կարող է անցնել Միլանի «Ինտեր» և դառնալ պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիոյի` «Ինտերից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մի մասը։ Ժոաոյով հետաքրքրված է Ժոզե Մոուրինյոն։